Հասարակական

Խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները. ԳՇ պետի կոչը զինծառայողներին

3 րոպեի ընթերցում

Խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները. ԳՇ պետի կոչը զինծառայողներին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը մարտական կոչ է հղել հրամանատարներին և զինվորներին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ՊՆ հրապարակած կոչը.

«Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ,

Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով:

Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները... Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն, մարտիկ, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դեմ: Ասվածի վառ ապացույցը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերն են, ազատագրված Արցախն ու փառապանծ Շուշին...

Մեր պայքարի անհագ ձգտումով և նախնյաց պատգամների խորը հավատով դարեր շա¬րունակ ոսոխին ցույց ենք տվել մեր բազկի զորությունը, որն ապացուցեցինք նաև այսօր՝ Չինարիում, Մովսեսում, Այգեպարում... և բարձր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ավելացրինք հայոց ազգի ու հայ զորականի զենքի փառքը: Իսկ 3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ:

Մեր գործն արդար է. մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:

Մենք այլևս դատապարտված ենք միա՛յն հաղթելու: Ցույց տա՛նք դավադիր ոսոխին մինչև վերջ կռվելու մեր վճռականությունն ու պատրաստականությունը, որ նա այլևս չփորձի հայացք նետել Հայաստանի և Արցախի ուղղությամբ:

Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ և պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կերտելու զինված ուժերի հաղթական ուղին՝ ի փառս հայ ժողովրդի:

Միասին առա՛ջ, դեպի հաղթանա՛կ... Աստված մեզ զորավիգ ու պահապան...»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում