Աննա Հակոբյանը ներկայացրել է Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղում առկա իրավիճակը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Մովսեսում իրավիճակն ավելի հանգիստ է, քան Ադրբեջանի կողմից վերջին օրերին ռմբակոծված այլ գյուղերում:
«Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերեւս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետեւանքով գյուղի տներից որեւէ մեկը չէր վնասվել: Ճիշտ է գյուղի երեխաների մի մասը հարևան գյուղերում էին կամ Երեւանում՝ բարեկամների տներում, բայց կային նաեւ երեխաներ, որ Երեւանից էին եկել՝ ամառային արձակուրդները տատիկ-պապիկի տանն անցկացնելու եւ կրակոցների պատճառով չէին էլ հեռացել գյուղից»,- գրել է Հակոբյանը:
Հուլիսի 20-ից Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր և Բերդ քաղաք՝ տեղաբնակներին աջակցելու նպատակով. «Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլև՝ ֆիզիկապես»:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը,ինչպես նաև հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, նույնպես պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով։
Նորայր Շողիկյան