ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում Russia Today հեռուսատալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը տեղադրվել է տեխնիկական վրիպակի պատճառով. հոդվածն ամբողջությամբ հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայատարարություն է տարածել ՀԱՊԿ-ը։
«ՀԱՊԿ քարտուղարության էջում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածի տեղադրումը տեխնիկական վրիպակի պատճառով էր, և գրառումը անհապաղ ջնջվել է։ Գրառման հեղինակի կարծիքն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը», -ասված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ը նշում է, որ իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտնել է հուլիսի 14-ին արված հայտարարությամբ, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։
ՀԱՊԿ-ը «Թվիթեր»-ի էջում նաև տեղադրել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Ֆեյսբուք»-ի և «Թվիթեր»-ի պաշտոնական էջերում հայտվել էր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը, որն անմիջապես ջնջվել էր։