ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը. ԲՀԿ առաջարկը չընդունվեց
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության որոշման վերաբերյալ խորհրդարանի խմբակցություններից առաջարկ ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան»-ը, որը չընդունվեց խորհրդարանի կողմից:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր որոշման նախագիծ, որով առաջարկում էր չեղյալ հայտարարել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներն ու արգելքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք կողմ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկին:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու առաջարկի նախագծին:
Առաջարկը չընդունվեց 21 «կողմ» և «60» դեմ ձայներով:
Երեք ժամից ավելի տևած քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը, կորոնավիրուսի առկա իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները, նաև պատասխանեց պատգամավորների հարցերին:
Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 135 687 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք:
Նորայր Շողիկյան