«Ազնավուր» հիմնադրամը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում են համագործակցության մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արվեստի ոլորտում կրթություն ստացող տաղանդաշատ երիտասարդների համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը կհամագործակցեն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018 թվականին «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքի անդամները դիմում էին ստացել Երևանի մշակույթի պետական քոլեջի ղեկավարությունից այն Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Այնուհետև, հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը այցելել են քոլեջ, հանդիպել ինչպես ղեկավարության, այնպես էլ ուսանողների հետ: Հանդիպումների արդյունքում տրվել է անվանակոչման համաձայնությունը:

Հետո, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթության որակի և արդյունավետության բարձրացման քաղաքականության շրջանակում հայտարարվել է, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը կմիավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ։ 2020 թվականի ապրիլի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ կայացվել է միավորման որոշումը, իսկ հունիսի 22-ին նորաստեղծ հաստատությունը պաշտոնապես անվանակոչվել է «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»։

«Մենք ուրախ ենք համագործակցել նախարարության հետ՝ այդպիսով աջակցելով տաղանդաշատ երիտասարդների առաջընթացին: Վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ քոլեջը կդառնա ավելի գրավիչ և կընդլայնի իր հնարավորությունները: Շառլ Ազնավուրի մասնագիտական ուղին էլ լի է եղել բազմաթիվ խոչընդոտներով ու մարտահրավերներով, սակայն նրա վճռականությունն ու քրտնաջան աշխատանքը անհավանական արդյունքներ են տվել՝ համաշխարհային ճանաչում բերելով արտիստին: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդ սերունդը ոգեշնչվի Ազնավուրի օրինակով և միշտ ձգտի ավելիին»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը:

«Երկու քոլեջների միավորմամբ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի էապես բարելավել կրթության որակն ու արդյունավետությունը, մեծացնել միավորված հաստատության կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ապահովել արվեստում իրենց ճանապարհը տեսնող երիտասարդների համար զարգացման և ինքնադրսևորման լավագույն հնարավորություններ, ստեղծագործ միջավայր։ Վստահ ենք, որ «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությունը լինելու է արվեստային և մշակութային կրթության զարգացման կարևոր գրավականը»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Ազնավուր» հիմնադրամը և ՀՀ ԿԳՄՍՆ-ն նախատեսում են ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որով կամրագրվի քոլեջի զարգացման ռազմավարության շուրջ համատեղ աշխատելու պատրաստակամությունը, հաստատության՝ ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչման նախաձեռնումը, ինչպես նաև հիմնադրամի և նորաստեղծ քոլեջի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում