Երևանում 52 տնտեսավարող կկարողանա զբաղվել շրջիկ առևտրով. սահմանվեցին բոլոր պայմանները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին հունիսի 24-ին ընթացող 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ սահմանեց մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նշեց, որ շրջիկ առևտրի գործունեությունը կանոնակարգելու նպատակով 2020 թվականի հունվարի 24-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու, Տեղական տուրքերի և վճարումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքներ:

Դրանք ուժի մեջ են մտել 2020 թվականի փետրվարի 29-ից:

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքով սահմանվել է «Շրջիկ առևտրի կետեր» հասկացությունը՝ ապրանքների պահպանման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոմոբիլներ կամ դրանց կցորդներ: Տվյալ նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունում անցել է պետական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն»,- ասաց Սաֆարյանը և հավելեց, որ գերատեսչության կողմից ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք հաշվի են առնվել նախագիծը լրամշակելիս:

Երևանում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա:

Շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային հայտ:

Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը` մինչև ժամը 23:00-ն:

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին, թե տվյալ նախագծով քաղաքում արդյոք կպակասե՞ն շրջիկ առևտրի կետերը՝ Սաֆարյանն ընդգծեց, որ առանձնացվել է 52 տարածք:

«Որոշ չափով քաղաքը սահմանափակ է և չունի բոլոր շրջիկ առևտրի կետերի պահանջները բավարարելու անսահման հնարավորություն»,- ասաց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Որոշումն ընդունվեց 40 «կողմ», 0 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Շրջիկ առևտրի կետում չի թույլատրվի վաճառել գյուղատնտեսական արտադրանք, մսամթերք, ծովամթերք, կաթնամթերք, կենդանիներ, դեղեր և բժշկական նշանակության արտադրանք, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ, կենցաղային և համակարգչային տեխնիկա, աուդիո­ և տեսաարտադրանք, կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, որսորդական պարագաներ, տնտեսական ապրանքներ և գրենական պիտույքներ, պահպանակներ, միջադիրներ և հիգենիայի այլ պարագաներ, ծխախոտի արտադրանք, թունդ ոգելից խմիչքներ, հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ, մանկական կերեր, այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվելու մատուցել վարսահարդարման և դիմահարդարման ծառայություներ, ինտերնետ ծառայություններ, բանկային կամ արտարժույթային ծառայություններ, կապի և հեռահաղորդակցության ծառայություներ, բժշկական ծառայություններ, կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը