Ընթացիկ տարվա հինգ ամսիներին ՊԵԿ-ի հավաքագրումները 2,2 տոկոսով ավելին են եղել
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2020թ.հունվար-մայիս ամիսներին, ընդհանուր առմամբ, հավաքագրել է ավելի քան 583 միլիարդ 650 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (571 միլիարդ 156 միլիոն դրամ) գերազանցել է 12 միլիարդ 493 միլիոն դրամով կամ 2.2 տոկոսով:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց, ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:
«Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ հարկ վճարողների, ֆիզիկական անձանց ետ վերադաձվող գումարները զգալիորեն աճել են: Խոսքը վերաբերում է եկամտային հարկի գծով վերադարձված գումարներին: 2020 թվականի հինգ ամիսներին տնտեսավարողներին ետ է վերադարձվել շուրջ 47.4 մլրդ դրամ, որը 7 մլրդ-ով կամ 18 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- ասաց Արթուր Հակոբյանը: Նա ընդգծեց, որ այս հարկերի հավաքագրումն ապահովվել է ՊԵԿ-ի մի շարք մարմինների հետևողական աշխատանքի շնորհիվ:
Արթուր Հակոբյանի խոսքով՝ թեպետ հավաքագրումների գծով աճ կա, բայց դա բավական հեռու է իրենց ակնկալիքներից, դա պայմանավորված է համաճարակից բխող երկրում առկա իրավիճակով: Նա նկատեց, որ, իհարկե, 5 ամիսների կտրվածքով հավաքագրումների աճ ունեն, սակայն առանձին ամիսների, առանձին հարկերի գծով ակռա են հարկային հավաքագրումների նվազումներ: Մասնավորապես, ԱԱՀ-ի գծով ապրիլին գրանցվել է շուրջ 16 տոկոսի նվազում, իսկ մայիսին՝ 24 տոկոսով պակաս հավաքագրում է գրանցվել:
«Այս միտումը չենք ակնկալում հունիսին և հետագա ամիսներին: Գիտենք, որ ապրիլն առանձնանում էր տնտեսական գործունեության սահմանափակումների տեսանկյունից: Մայիսին վերացվեցին սահմանափակումները, և մենք հունիսին ավելի լավ պատկեր ենք ակնկալում ապրիլի, մայիսի համեմատ»,- ասաց Արթուր Հակոբյանը: Նա նշեց, որ եկամտային հարկի գծով ևս առկա է պակաս հավաքագրում: Այստեղ Արթուր Հակոբյանը պարզաբանեց, որ սա պայմանավորված է ոչ միայն երկրում առկա իրավիճակով, այլև 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ եկամտային հարկի համահարթ դրույքաչափի՝ 23 տոկոս կիրառմամբ։
Այս ընթացքում, հատկապես ապրիլին, որոշակի փոփոխություններ են եղել աշխատողների թվի կրճատման հետ կապված: Մասնավորապես, ապրիլին, գրանցված աշխատակիցների թիվը մարտ ամսվա համեմատ՝ նվազել է 12 հազար 300-ով: Դրանից բացի, շատ հարկ վճարողներ չեն ազատվել աշխատանքից, սակայն ճգնաժամով պայմանավորված՝ աշխատավարձի գումար չի հաշվարկվել: Նման աշխատակիցների թիվը 74 հազար է: Շրջանառության հարկի գծով առաջին եռամսյակում արձանագրվել է նվազում մոտ 7 տոկոսի չափով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դա, բացի ստեղծված իրավիճակից, կապված է նաև 2020-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ, ըստ որի, մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողները հարկերից ազատվում են:
Անդրադառնալով խոշոր հարկ վճարողներին՝ Արթուր Հակոբյանը նշեց, որ 2020թ.1-ին եռամսյակի առաջին 1 000 խոշոր հարկ վճարողների կողմից, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (221միլիարդ 20 միլիոն դրամ) գերազանցել է 24 միլիարդ 613 միլիոն դրամով կամ 11.1 տոկոսով:
«Այստեղ մի փաստ պետք է կարևորել: Ներկայացված աճը տեղի է ունեցել համաչափ: Նշված 24 միլիարդ 613 միլիոն դրամը հավաքագրվել է ոչ թե առաջին երեք կամ առաջին հինգ խոշոր հարկատուներից, այլ այն բաշխված է 1000 հարկ վճարողների միջև: Օրինակ՝ 100-րդ դիրքը զբաղեցնող հարկ վճարողն այս տարի 13 տոկոսով ավելի հարկ է վճարել, քան նախորդ տարվա նույն դիրքը զբաղեցրած ընկերությունը, ստորին շեմը՝ 1 000-րդ հարկ վճարողը, 10 տոկոսով ավելի հարկ է վճարել, քան նախորդ տարվա նույն դիրքը զբաղեցրածը»,- ասաց Արթուր Հակոբյանը՝ ընդգծելով, որ սա խոսում է տարբեր դիրք զբաղեցնող ու տարբեր ոլորտների հարկ վճարողների շրջանում տնտեսական ակտիվության մասին: