ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ աշխատանքային հարաբերություններում որևէ խնդիր չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարտիրոսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Քյարամյանը ԱԱԾ համակարգում երբևէ չի աշխատել:
«Չի եղել, բայց ինքը պրոֆեսիոնալ է, երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է Պետական վերահսկողական ծառայությունը և որևէ խնդիր չկա»,- ասաց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ, եթե իր ազատման դիմումը լիներ, նա Ազգային ժողովում չէր գտնվի:
Մայիսի 5-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Մինչ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելը Արգիշտի Քյարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նա նշանակվել էր մայիսի 4-ին՝ ազատվելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
Նորայր Շողիկյան