Հասարակական

Հայաստանում մինչև 18 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակվել է 270 հոգի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում մինչև 18 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակվել է 270 հոգի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում մինչև 18 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակվել է 270 հոգի, որոնցից 2-ն ունեն թոքաբորբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեկվա դրությամբ մենք ունենք 270 մինչև 18 տարեկան պացիենտ: Նրանցից միայն 2-ն ունեն թոքաբորբ, սակայն շատ թեթև: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է երեխաներին անհարկի վարակվելու վտանգի ենթարկենք: Մենք պետք է պաշտպանենք բոլորին: Պետք է երեխաները ևս դիմակ կրեն: Խոսքը, իհարկե, չի վերաբերում այն երեխաներին, որոնց համար դա դժվար է»,- նշեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակված հղիների թիվը հասնում է 23-ի, և նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5606 դեպք, որոնցից 2 581-ն` առողջացած: Թեստավորվել է 45822 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 928 պացիենտ, արձանագրվել է մահվան 70 դեպք:

Արձանագրվել է նաև մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ի ժամը 17:00-ն ժամկետով:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում