Հասարակական

Քոչարյանը խոսեց կորոնավիրուսային իրավիճակում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների մասին

2 րոպեի ընթերցում

Քոչարյանը խոսեց կորոնավիրուսային իրավիճակում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց կորոնավիրուսային իրավիճակում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը նշեց, որ հնարավոր չէ այդ շենքային պայմաններում հեռավորություն պահպանել, տեղաշարժեր կան նեղ միջացքներով։

«Քրեակատարողական հիմնարկում աշխատակիցները աշխատում են մեկ օր և երեք օր ազատ են՝ 80 տոկոսը աշխատողների, և ոչ մեկը նրանց չի կարող վերահսկել աշխատանքի ավարտից հետո, թե իրենք ինչով են զբաղված։ 90 տոկոսը երիտասարդներ են, սա նշանակում է, որ առնվազն 50 տոկոսը իրենցից նույնիսկ վարակվելու դեպքում ախտանիշ չի ունենալու, և մարդ կարող է աշխատել, լինել վարակակիր։ Սրանք են պայմանները»,- ասաց Քոչարյանը։

Ավելի վաղ, Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբեյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։ Նիստին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում