Պաշտոնական

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շուրջ որևէ գործարք չկա և չի կարող լինել. ՀՀ նախագահի աշխատակազմ

3 րոպեի ընթերցում

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շուրջ որևէ գործարք չկա և չի կարող լինել. ՀՀ նախագահի աշխատակազմ

ԵՐԵՎԱՆ 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմն անդրադարձել է որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե իբր Հանրապետության նախագահի և վարչապետի միջև ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ՝ նշելով, որ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության, թե իբր Հանրապետության նախագահի և վարչապետի միջև ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ, Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, հաշվի առնելով մի շարք ԶԼՄ-ներից ստացած հարցումները, հայտնում է.

Որևէ գործարք չկա և չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Մարդիկ կամ մարդկային խմբեր, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների «մեծ» մոգեր:

Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ, որ տարբեր, այդ թվում՝ միջազգային հանրահայտ հարթակներում անդրադարձել է բնապահպանական խնդիրների կարևորությանն, ինչը վերոհիշյալ մարդիկ տարբեր պատճառներով ի վիճակի չեն հասկանալ: Իբրև հետևանք՝ նրանց մեջ շարունակաբար ծնվում են տարաբնույթ անհեթեթություններ:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն գտնվում է նախագահի աշխատակազմում: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են օրենքն, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն՝ Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում