Արցախ

Արայիկ Հարությունյանի հորդորով Արցախի Մարտունու քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի հորդորով Արցախի Մարտունու քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել և իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ:

Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը»,- գրել է Հարությունյանը։

Մարտի 18-ին նախընտրական քարոզչության ժամանակ Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետը փակել էր ճանապարհը և խոչընդոտել մի խումբ անձանց մուտքը քաղաք։ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անընդունելի էր համարել համայնքի ղեկավարի տվյալ գործողությունները, որոնք, իր խոսքով, հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում