Լրացուցիչ պարտք ներգրավելու կարիք կա. ԱԺ-ն քննարկում է բյուջեի նախագծի փոփոխությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, ըստ էության, նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նախ անդրադարաձավ համավարակի հետևանքով առաջ եկած շոկերին, նկատեց՝ արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի տնտեսության վրա: Համաշխարհային տնտեսության անկումը գնահատվում է շուրջ 3 տոկոս, և այն իր ազդեցությունն է ունենում տարբեր երկրների, հետևաբար, նաև Հայաստանի տնտեսության վրա: Մետաղների, նավթի համաշխարհային գների անկումը, ռուբլու արժեզրկումը նույնպես դիտարկվում են որպես արտաքին ցնցումներ:

Ներքին սահմանափակումները ևս իրենց ազդեցությունն են ունեցել երկրների տնտեսության վրա: «Ներքին սահմանափակումների գնահատականը Հայաստանում մոտավորապես 2-2.4 տոկոսային կետ է՝ համախառն ներքին արդյունքի իրական աճի կորստի չափով: Հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը՝ ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականն այն է, որ մենք կունենանք 2 տոկոս անկում: 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում»,-ասաց Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց՝ ըստ էության մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ենթադրվում է, որ մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման և մոտ 20 մլրդ դրամ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար:

«Այս սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ, որովհետև այսպիսի տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է նաև համախառն ներքին արդյունքի անվանական մեծության նվազման կանխատեսում, և ակնկալվում է, որ 7 տրիլիոն 95 մլրդ դրամի փոխարեն այն կլինի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ: Համապատասխանաբար, այն կգեներացնի ոչ թե 1 տրլն 602 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչպես կանխատեսվում էր, այլ 1 տրլն 433 մլրդ դրամ կամ մոտ 169 մլրդ դրամով պակաս, քան ի սկզբանե ծրագրավորված էր»,-ասաց Ջանջուղազյանը:

Սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը:

Ծախսերը կպահպանվեն գրեթե նույն մակարդակի: «Որպեսզի այդ պակասուրդը ֆինանսավորվի, անհրաժեշտ է, ըստ էության, բյուջեով նախատեսվածից 2 անգամ ավելի ներգրավել պարտքային միջոցներ: Եվ ներկայացված 150 մլրդ դրամանոց փաթեթի ֆինանսավորումը և պակասուրդի ֆինանսավորումը միասին կպահանջեն մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Այդ նպատակով առաջարկվում է այս տարվա բյուջեում փոփոխություն»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այս ճգնաժամը գնահատվում է որպես աննախադեպ:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ