Մշակույթ

Վարդան Պետրոսյանը թատերասերներին առաջարկել է Ցեղասպանության տարելիցին դիտել «Վերելք» ներկայացումը

2 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանը թատերասերներին առաջարկել է Ցեղասպանության տարելիցին դիտել «Վերելք» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին թատերասերներին առաջարկում է դիտել իր «Վերելք» ներկայացման հեռուստատեսային տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ներկայացումը բեմադրվել և խաղացվել է առաջին անգամ 2005 թվականին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

«Մի շարք տեսարաններ, որ շատ թատերային էին ու բեմական, ցավոք, հեռուստատեսային տարբերակում կորցրին իրենց ուժն ու իմաստը և այդ պատճառով հանվեցին։ Ներկայացումը թատրոնում դիտած մարդիկ կհիշեն, որ բեմում կային քառասուն մասնակից և կենդանի նվագախումբ։

Անպայման ուզում եմ երախտագիտությամբ հիշել գործարար Հրանտ Վարդանյանին, որ միանգամայն անշահախնդիր հովանավորեց այս աշխատանքը՝ փակելով ներկայացման բոլոր նախնական ծախսերը: Ներկայացումը մոտ հինգ ամիս անդադար խաղացվեց և ունեցավ տասնյակ հազարավոր հանդիսատես: Ըստ պատմաբանների, թատերագետների, գիտնականների՝ այն մեծ ազդեցություն ունեցավ հայ հասարակական մտքի վրա»,-գրել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ շատ ծնողներ են վկայել, որ երեխաները ներկայացումը դիտելուց հետո, թափել են իրենց ռաբիս, արաբա­թուրքական ձայնասկավառակները, գնացել, Կոմիտասի մասին գրքեր են առել:

Ներկայացման բեմադրիչը Անի Համելն է, նվագախումբը ղեկավարում են Մարտին Վարդազարյանն ու Երվանդ Երզնկյանը, բեմադրության տնօրենը Աշխեն Պետրոսյանն է: «Բեմում մեր հրաշալի դերասաններն են, որ մինչև վերջ նվիրված տրված էին խաղի տարերքին»,-շեշտել է արտիստը՝ բարի դիտում մաղթելով բոլորին:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում