Քաղաքականություն

Վիեննայում ծաղկեպսակներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ

2 րոպեի ընթերցում

Վիեննայում ծաղկեպսակներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և դեսպանության աշխատակիցները ծաղկեպսակներ կխոնարհեն Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի և հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպան Պապիկյանը հայտնել է իր ուղերձում։

«Այսօր այլ երկրների շարքում մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ավստրիային և Սլովակիային հայ համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող դիրքորոշումների համար։ Հիշելով և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մենք ասում ենք. «Այլևս երբեք»»,- նշել է Արմեն Պապիկյանը։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։

Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունները 2015 թվականի ապրիլի 22-ին ընդունել են համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:Հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915 թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:

Սլովակիայի ազգային ասամբլեայում 2004 թվականի նոյեմբերի 30-ին ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը։ 2011 թվականին էլ ընդունված օրենքի համաձայն՝ ցեղասպանության ժխտումը պատժվում է 5 տարի ազատազրկմամբ։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում