Արցախ

Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի․ Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի․ Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հհիշատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ,

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ եմ համարում:

Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի:

Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը:

Հիշում ենք և պահանջում»,- գրել է Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում