Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ. ՊԵԿ նախագահ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը չի պատրաստվում տնտեսավարողների հարկերի կասեցում կամ չեղարկում անել, սակայն կախված իրավիճակից՝ չի բացառում հարկային արձակուրդի հնարավորությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Հարկային արտոնություններ, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, չեն քննարկվում այսօր: Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ»,-ասաց Անանյանն ու նշեց՝ դրա վառ ապացույցը ապրիլի 22-ին Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունումն էր ԱԺ-ում:
Այդ փոփոխությամբ չկատարած հարկային պարտավորությունների դիմաց կիրառվող տույժի տոկոսադրույքը նվազեցվեց, բացի այդ չվճարած հարկերի համար արգելանքի շեմը բարձրացվեց:
«Ոչինչ բացառել պետք չէ, բայց հարկային արձակուրդների թեման կարող է քննարկվել՝ ելնելով նրանից, թե դեպքերի զարգացումն ինչ ընթացք կստանա»,-ասաց Անանյանը:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Աննա Գրիգորյան