Տնտեսություն

Մելքումյանն առաջարկում է չկատարած հարկային պարտավորության համար հաշվարկվող տույժի չափը նվազեցնել

3 րոպեի ընթերցում

Մելքումյանն առաջարկում է չկատարած հարկային պարտավորության համար հաշվարկվող տույժի չափը նվազեցնել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երկրում արտակարգ դրության պայմաններում տնտեսավարողներին աջակցելու նպատակով ներկայացրել է չկատարած հարկային պարտավորություններին առնչվող նախագիծ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը պատգամավորը ներկայացրեց ԱԺ ապրիլի 22-ի նիստում:

«Առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի կրկնակի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ 0.04»,-ասաց պատգամավորը:

Սա շատ կարևոր դրույթ է, քանի որ ճգնաժամային վիճակով պայմանավորված շատերը հնարավորություն չեն ունենալու վճարումները կատարել, և տույժերը մեծ ծավալով չեն ազդի, կհաշվարկվեն ավելի փոքր ծավալով:

«Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Ըստ վիճակագրության՝ 9813 սուբյեկտ այդ արգելադրման տակ է եղել վերջին 2-2.5 տարվա ընթացքում: Հիմա առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս: Փոքր ու միջին ձեռակությունների 71 տոկոսի շրջանառությունը տարեկան չի անցնում 58 միլիոնից: Եթե միջինացնում ենք, ապա այդ 1.5 մլն դրամը մոտավորապես փակում է փոքր ու միջին ձեռնարկությունների մեծ մասի տարեկան գեներացված հարկերը, այսինքն՝ շրջանառության հարկը: Այսինքն՝ սա հարկային արձակուրդի նման մի բան է»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ եթե, օրինակ, 1 մլն 700 հազար ապառք է կուտակվել, ապա տնտեսավարողը կարող է 200 հազար դրամը վճարել, և արգելանք չի դրվի իր գույքի վրա: Մելքումյանը նկատեց, որ սա հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտին հնարավորություն կտա շատ չտուժել:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ համատեղ քննարկումների արդյունքում ձեռք են բերել համաձայնություն, սակայն խմբագրական և այլ առաջարկներ ներկայացնելու են առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում