Հասարակական

Ութերորդ միջոցառմանը կարող են դիմել արդեն նաև տրանսպորտի, սպորտի և ևս երկու ոլորտի աշխատողներ

2 րոպեի ընթերցում

Ութերորդ միջոցառմանը կարող են դիմել արդեն նաև տրանսպորտի, սպորտի և ևս երկու ոլորտի աշխատողներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար ապրիլի 20-ից արդեն կարող են դիմել նաև ցամաքային տրանսպորտի, նախադպրոցական կրթության, սպորտի բնագավառի, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողների վարձու աշխատողները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Այս պահի դրությամբ 8-րդ ծրագրով մենք 78 հազար 783 քաղաքացու տրամադրել ենք աջակցություն՝ 5 մլրդ 456 մլն դրամի չափով: Այսօր առավոտվանից ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների ցանկերը՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը և զվարճությունների ու հանգստի կամակերպման այլ գործունեությունները: Նշված 4 ոլորտների ևս 8000 տնտեսավարող սուբյեկտների ցանկն ավելացվել է ցուցակում, նրանք ևս կարող են այսօրվանից՝ ապրիլի 20-ից դիմել և ստանալ աջակցություն»,-ասաց Սարգսյանը:

Նա կոչ արեց այդ ոլորտի աշխատողներին, որոնք նախկինում դիմել են և մերժվել, ապրիլի 20-ից կրկին փորձել:

Հաստատված 8-րդ ծրագրով նախատեսվում է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Սկզբում կառավարությունը հաստատել էր հետևյալ ոլորտները՝ հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպող: Սակայն հետո 8-րդ միջոցառման տուժած ոլորտների ցանկում ավելացվեցին ցամաքային տրանսպորտի (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթության (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ) և զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողները։

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում