Պաշտոնական

ՀՀ նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերում սոցիալական մի շարք խմբերի

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերում սոցիալական մի շարք խմբերի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը սոցիալական աջակցության նոր մոտեցումներ է որդեգրել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս օրերին ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ և հեռավոր շրջանների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտու սոցիալապես ամենախոցելի և կարիքավոր խմբերը:

Դրանց շահառուներն ընտրվել են՝ հաշվի առնելով Հանրապետության նախագահի մարզային այցերի ընթացքում բնակիչների հետ շփումները, դրանց ընթացքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև նախագահին ուղղված նամակները և դրանց վերլուծությունը։

Աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով: Ներկա փուլն ընդհանուր առմամբ ընդգրկում է շուրջ 200 շահառու սոցիալական տարբեր խմբերից:

Այս պահին առաջնային են հեռավար կրթությանը մասնակցելու հնարավորություն չունեցող, հատկապես՝ սահմանամերձ համայնքների և սոցիալապես խոցելի խավերի երեխաները, բազմազավակ ընտանիքներն ու տարեցները:

Ծրագրի այս փուլում աջակցություն է տրամադրվել Շիրակի և Տավուշի սոցիալապես անապահով և տնակներում բնակվող ընտանիքների երեխաներին: Շիրակում նրանք «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության «Շալե Գյումրի» կենտրոնի սաներն են, որոնց հետ նախագահ Սարգսյանն անձամբ հանդիպել էր Գյումրի կատարած աշխատանքային այցերից մեկի ընթացքում:

Մյուս խմբում Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում բնակվող, կարիքավոր կամ զոհված զինծառայողների երեխաներն են, որոնք անցած տարեվերջին հյուրընկալվել էին նախագահի նստավայրում:

Ծրագրում ընդգրկված են նաև մի խումբ բազմազավակ ընտանիքներ Երևանից, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերից, որոնք ունեն 6-14 երեխա: Բոլոր շահառուներին հատկացվել են առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ:

Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու նպատակով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Չորաթան, Այգեպար համայնքների կարիքավոր և զոհված զինծառայողների ընտանիքների երեխաներին տրամադրվել են համակարգիչներ։

Համակարգիչներ են տրամադրվել նաև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության 5 սաների և բազմազավակ 7 ընտանիքների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում