4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պետական համակարգում օրենքով սահմանված չափով պարգևավճարներ տալը, ըստ էության, արդարացված է համարում՝ մանավանդ այն համատեքստում, որ այդ նույն պետական պաշտոնյաները ջանքեր են գործադրում նաև բժիշկների, ուսուցիչների, ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Միրզոյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
«Աշխարհում սկզբունք է, որ վարձատրման չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով: Եվ որքան շատ բան է կախված այդ մարդու որոշումներից, այնքան շատ է վճարվում: Պետական համակարգում մոտավորապես այդ տրամաբանությամբ և պաշտոնից կախված կա օրենքով սահմանված սանդղակ: Սակայն կա նաև մեդալի մյուս կողմը: Կա անապահով խավի իրողություն, որոշակի համամասմություն մեր հասարակության մեջ: Եվ չի կարելի շատ չոր ասել, որ եթե պատասխանատվության չափը շատ է, ապա նա պետք է ստանա 10 մլն դրամ, իսկ կենսաթոշակառուն՝ 30 հազար դրամ: Դա պետք է լինի ողջախոհության սահմաններում: Բայց նաև մենք չենք կարող անտեսել հանգամանքը, որ մարդկանց պատասխանատվությունը բարձր է, և իրենք պետք է բարձր վճարվեն»,-ասաց Միրզոյանը:
Նա նկատեց՝ հարցը հատկապես ցայտուն է գործադիրի դեպքում, երբ կարիք կա բարձր պրոֆեսիոնալների: Միրզոյանը նկատեց՝ բարձր պրոֆեսիոնալների հիմնական մասը նաև մասնավոր հատվածում են աշխատում, շատ բարձր աշխատավարձ են ստանում: ԱԺ նախագահը շեշտեց՝ այդ մարդկանց պետք է կարողանան պահել պետական ծառայության համակարգում: Միրզոյանը պարգևավճարները արդարացված համարեց նաև այն ֆոնին, երբ արվում են քայլեր՝ ավելացնելու հասարակության տարբեր խավերի բարեկեցության աստիճանը: «Եթե մենք տեսնենք, որ չեն գործադրվում ջանքեր՝ կենսաթոշակները բարձրացնելու, ուսուցչի, բուժաշխատողի աշխատավարձը բարձրացնելու համար, և դա ուղղվում է միայն նախարարի, փոխնախարարի կամ պատգամավորկ պարգևավճարի, սա շատ մեծ խնդիր կլինի: Սակայն մենք տեսնում ենք, որ արվում են քայլեր»,-ասաց նա:
Նա նաև շեշտեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորների ճնշող մեծամասնությունը մարդիկ են, որոնք չունեն այլ բիզնեսներ, այլ եկամուտներ: Նրանք առավոտից երեկո աշխատում են այստեղ, ջանքեր են գործադրում, որ տարբեր ոլորտներում բարելավեն մարդկանց կյանքը և դրա համար վճարվում են: Կա սահմանված աշխատավարձ և օրենքով, բյուջեով նախատեսված 30 տոկոսի չափով սահմանված պարգևավճար՝ պետական ծառայության համակարգում բոլորի համար: Նա նշեց՝ իր ԱԺ նախագահ դառնալուց հետո փորձ են արել աշխատակազմում պարգևավճարը բաժանել՝ կախված ամսվա առաջադրանքներից ու կատարողականից, սակայն նկատել են, որ մի քիչ դժվարություններ կան և գուցե անարդարություն լինի: Եվ հիմա վաղուց արդեն բոլորին հավասար 30 տոկոս պարգևավճար կոչված հավելյալ աշխատավարձ է տրվում: Միրզոյանը նշեց նաև, որ պատգամավորների պարգևավճարը ամսական մոտ 150 հազար դրամ է:
ԱԺ նախագահի նախաձեռնությամբ՝ ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու պատգամավորները մարտ ամսվա համար տրամադրվելիք ամենամսյա պարգևավճարները փոխանցել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։
Աննա Գրիգորյան