Տարածաշրջանային

Թուրքիան՝ առողջապահական եւ ներքաղաքական ճգնաժամերի միջեւ

8 րոպեի ընթերցում

Թուրքիան՝ առողջապահական եւ ներքաղաքական ճգնաժամերի միջեւ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում այս օրերին որոշ զարգացումներ են տեղի ունենում՝ պայմանավորված նաեւ կորոնավիրուսի դեմ տարվող պայքարով։ Դրա արդյունքում հակասություններ են առաջացել դաշնակից քաղաքական գործիչների, մասնավորապես, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի միջեւ։ Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս երկու ազդեցիկ քաղաքական գործիչների հակասությունն իր գագաթնակետին հասավ անցած կիրակի, երբ հայտնի դարձավ Սոյլուի տված, բայց մերժված հրաժարականի մասին։ Հրաժարականի պատճառը պաշտոնապես հրապարակայնացված չէ, սակայն հասանելի եւ բաց աղբյուրներից ստացված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ այն կապված է կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների հետ։ Ապրիլի 12-ի երեկոյան, ժամը 21.24-ին Սոյլուն իր հրաժարականի մասին գրում է «Թվիթերում»։ Նույն օրը, ժամը 23։52-ին նախագահականից հայտնում են, որ հրաժարականը չի ընդունվել։ Հայտնի է, որ մինչ Սոյլուն կհայտներ հրաժարականի մասին, նա ժամը 20։00-ին Էրդողանի մոտ զեկուցել է պարետային ժամի մասին տվյալները, իրավիճակը, հետագա անելիքները։ Էրդողանի մոտից դուրս գալուց հետո նա կրկին վերադառնում է եւ հայտնում իր մտադրության մասին, ինչին ի պատասխան Էրդողանն ասում է, որ դրա կարիքը չկա։

Թուրքագետի խոսքով՝ Էրդողանը եւ Սոյլուն հրաժարականի թեմայով նաեւ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ նախագահն ասել է. «Մենք քաղաքական գործիչներ ենք, գալիս ու գնում ենք, կարեւորը մեր գործողություններից չտուժի պետությունը։ Դուք կմասնակցեք նախարարների խորհրդի նիստին, այնուհետեւ ես հանդես կգամ հայտարարությամբ»։ Դրանով ավարտվում է նրանց հեռախոսազրույցը։ «Այստեղ բավականին ուշագրավ նրբություններ կան. երբ տարիներ առաջ Սոյլուն հրաժարական տվեց Տրապիզոնի ոստիկանապետի պաշտոնից, Էրդողանը գովեստի խոսքեր շռայլեց, շնորհակալություն հայտնեց՝ հույս հայտնելով, որ Սոյլուն իր մասնագիտական գործունեությունը դեռ ծառայեցնելու է։ Իսկ այս դեպքում մի քիչ այլ էր տրամադրվածությունը»,–մանրամասնեց Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ Էրդողանի մյուս կարեւոր ուղերձն այն էր, որ չնայած առկա հակասություններին, ներկա իրավիճակում չի ցանկանում քաղաքական ճգնաժամի առիթ տալ։

Իսկ ո՞րն է հակասության հիմքը։ Բանն այն է, որ Էրդողանը կողմ է խստացումներին, բայց ոչ ամբողջ երկրի տարածքում, մինչդեռ Սոյլուն նպատակահարմար է համարում խստացումներ մտցնել ամբողջ երկրով մեկ։ Տարբեր են մոտեցումները նաեւ պարետային ժամ մտցնելու ձեւաչափի վերաբերյալ։ «Սա ընդամենը պատճառներից մեկն է։ Այս հակասությունը ծնվել է տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ հարցերից։ Հիշենք, որ նախկինում Սոյլուն պայքարում էր Թուրքիայի ներսում ահաբեկչական խմբավորումների դեմ, երբ շատ դեպքերում առանց հիմքի մեղադրանքներ էին առաջադրվում բազմաթիվ քաղաքական գործիչների նկատմամբ։ Սոյլուն բարձրաձայնում էր, որ այդպես չեն կարող առաջ գնալ, անպայման հիմքեր են պետք, բայց Էրդողանը հորդորում էր իր գործն անել, առանց մտածելու քաղաքական զարգացումների մասին։ Սա վկայում է, որ հակասություններ միշտ եղել են, իսկ ներկա իրավիճակը պարզապես առիթ էր հրաժարականի համար»,–պարզաբանեց նա։

էրդողանի քաղաքական թիմից մերթընդմերթ մարդիկ են հեռանում, սակայն թուրքագետը Սուլեյման Սոյլուին մյուսների հետ մեկ հարթության մեջ չի դնում։ Նա եւ էրդողանը մեծ քաղաքականություն են մտել միասին, միեւնույն սեւծովյան տարածաշրջանից։ «Էրդողանի քաղաքական կյանքում Սոյլուն շատ կարեւոր հենասյուն է եղել։ Պատահական չէ, որ հենց նրան էր վստահվել ուժային կառույցի ղեկավարությունը։ էրդողանի քաղաքական հենասյուներից այս մեկի թուլացումը խոսում է այն մասին, որ նրա քաղաքական վախճանը մոտ է։ Նման զարգացում կանխատեսվել է նաեւ Ստամբուլի եւ Անկարայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում էրդողանի կուսակցության պարտությունից հետո»,–ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է տնտեսական մասով կորոնավիրուսի դեմ թուրքական իշխանությունների պայքարին, ապա այս երկիրը բոլորովին այլ քաղաքականություն է որդեգրել, քան աշխարհի մյուս պետությունները։ «Նախօրեին, ուշ երեկոյան երկրի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ դատավորների մասին օրենքում, ըստ որի արդեն այսօր առավոտյան (այսինքն՝ երեկ.–«ՀՀ») փակ եւ կիսափակ ռեժիմի բանտերից ազատ են արձակվել ավելի քան 45 հազար բանտարկյալներ։ Դա մտնում էր թագավարակի դեմ պայքարի միջոցառումների մեջ։ Փաստորեն, թուրքական իշխանությունն այս կերպ ազատվում է պետության ունեցած ծախսերի մի մասից։ Այս երկիրը, ի տարբերություն մնացած բոլոր երկրների, սոցիալական ծրագրեր չի իրականացնում իր քաղաքացիների համար կամ եթե իրականացնում է, ապա չնչին ծավալներով, ուղղակի նշան դնելու համար»,- մանրամասնեց թուրքագետը։ Դրանով Թուրքիան փորձում է փրկել տնտեսությունը, այլ ոչ թե սոցիալական պատասխանատվություն ստանձնել սեփական քաղաքացիների նկատմամբ։ Թե որքանով կհաջողվի փրկել երկրի տնտեսությունը լուրջ կորուստներից, այս պահին դժվար է ասել։

Նա չբացառեց, որ այս վիճակը կարող է սոցիալական ընդվզումների առիթ դառնալ եւ ավելի արագացնել էրդողանի հեռացումը մեծ քաղաքականությունից։

Անդրադառնալով Թուրքիայում ապրող մյուս ժողովուրդների վիճակին՝ Հովհաննիսյանը, պաշտոնական տեղեկություններից բացի, ներկայացրեց իր անձնական դիտարկումները՝ հիմնված տարբեր աղբյուրների վրա։ Այսպես, պաշտոնական աղբյուրների համաձայն, վարակի օջախները կամ թեսթավորում անցած տարածքները հիմնականում կենտրոնական Թուրքիան է եւ դեպի արեւմուտք ընկած տարածքները, այսինքն՝ այն հատվածները, որտեղ գերակշռում է թուրք բնակչությունը։ Հարավային եւ հարավ-արեւելյան նահանգներում, որտեղ գերակշռում է քուրդ բնակչությունը, շատ քիչ տվյալներ կան, քանի որ թեսթավորում նույնպես քիչ է արվում։

Մինչդեռ, զրուցակցիս տեղեկություններով, բավականին տխուր վիճակ է այդ նահանգներում. այդտեղ մարդիկ հիվանդանում, մի քանի օր անց մահանում են եւ առանց դիահերձման, միայն ընտանիքի անդամներով հուղարկավորվում հատուկ գերեզմանոցներում, որոնք տրամադրվել են քաղաքապետարանների եւ նահանգային իշխանությունների կողմից։ «Անկախ այն հանգամանքից, թե ինչից է մահացել մարդը՝ հիվանդությունից, ծերությունից, թե անգամ ավտովթարից, նրան թույլատրում են հուղարկավորել միմիայն այդ նպատակով նախատեսված հատուկ տարածքներում։

Պաշտոնապես սրա մասին ոչինչ չի ասվում։ Այս շրջաններում փակ են նաեւ հիվանդանոցները, սակայն դրան զուգահեռ հիվանդանոցների տարածքներում ստեղծվել են վրանային հիվանդասենյակներ։ Այս կերպ փորձ է արվում չբացահայտել իրական պատկերը, որպեսզի ավելորդ խնդիրների մեջ չընկնեն։ Ներկայացվում են այն նահանգների տվյալները, որոնք թուրքաբնակ են եւ համարվում են «առաջադեմ»,–հավելեց թուրքագետը։

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում