5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը կարծում է, որ շոկերը լինելու են մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը: Նման պարագայում մարդկանց, կազմակերպությունների կառավարության որոշումներ կայացնելու համար պետք է հենման կետ, և այդ հենման կետը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը:
Նա իր ելույթի առաջին մասում նախ անդրադարձավ կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին և ՀՀ կենտրոնական բանկի արձագանքին: Ներկայացրեց, թե այս ընթացքում ԿԲ-ն ինչ քայլեր է ձեռնարկել (մասնավորապես, իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը): Թեկնածուն հիշեցրեց՝ Կենտրոնական բանկը հայտարարել է և համակարգին տրամադրել իրացվելիության անհրաժեշտ քանակ՝ թե՛ ազգային արժույթով, և թե՛ արտարժույթով: «Քննարկվում է նաև բանկային գործունեության կարգավորման դաշտի ճշգրտման խնդիրը՝ մասնավորապես, դիտարկվում է հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 1 տոկոսային կետով նվազեցնելու, ինչպես նաև իրացվելիության նորմատիվների ներդրման ժամկետը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու հնարավորությունը»,-ասաց նա:
Գալստյանը վստահեցրեց, որ ԿԲ-ի գործողությունների ուղղորդող սկզբունքը հասարակության երկարաժամկետ բարեկեցության ապահովումն է: Ելույթի երկրորդ մասում Գալստյանը ներկայացրեց Կենտրոնական բանկի անցած ճանապարհը, հետագա անելիքները և իր տեսլականը: Ապագայի անելիքների մասին խոսելիս նա ընդգծեց, որ մարտահրավերների կերպարանափոխվելուն զուգընթաց բարդանալու է նաև իրականացվելիք քաղաքականությունների մշակումն ու կիրարկումը: «Վստահության կամուրջի կառուցումն է միակ գրավականը, որ մենք կունենանք արդյունավետ, շահառուների համար ընկալելի քաղաքականություն, և քաղաքացիներն ու գործարարները էլ ավելի կվստահեն ազգային արժույթին: Կարծում եմ, որ դրամավարկային քաղաքականության արդյունավետության ամենակարևոր չափանիշը հասարակության վստահությունն է դրա նկատմամբ»,-ասաց թեկնածուն:
Նա նկատեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն ունի դինամիկ աճող ֆինանսական համակարգ։ Գալստյանը նշեց, որ պետք է աշխատել հավասարակշիռ և տարբերակված աճի ուղղությամբ՝ խորացնելով ֆինանսական շուկաները և ընդլայնելով գործունեության տեսակները։ Միևնույն ժամանակ, համակարգի աճին և զարգացմանը զուգընթաց, նա կարևորեց միջազգային լավագույն փորձի ներդրումը՝ հնարավոր ռիսկերը գնահատելու և կառավարման մասով համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Գալստյանն առանձնակի կարևորեց նաև ֆինանսական կրթությունը: Նա չափազանց կարևոր համարեց նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:
Թեկնածուն նկատեց՝ պետք է հասկանալ, սակայն, որ մարտահրավերները կարող են փոխել իրենց կերպարանքը: «Ուստի լուծման գաղտնիքը ոչ թե խնդիրների հետևից գնալն է, այլ ապագայի ցանկացած մարտահրավերի նորովի նայելու ու մարտահրավերը որպես հնարավորություն տեսնելու ունակությունը»,-ասաց նա ու նշեց՝ իր խորին համոզմամբ, այս ամենը պատվով իրականացնելու հիմքը Կենտրոնական բանկի թիմն է:
Թեկնածուն նկատեց՝ շոկերը մեր կյանքի անբաժանելի ուղեկիցն են լինելու, դրանք լինելու են ավելի հաճախ, ավելի անկանխատեսելի և ուժեղ: «Նման միջավայրում, հսկայական անորոշությունների ներքո, մարդիկ կարիք ունեն կայացնելու որոշումներ, կազմակերպությունները՝ կազմելու պլաններ, կառավարությունները՝ մշակելու ռազմավարություններ: Եվ այդ ամենը անելու համար իրենց պետք է հենման կետ, որից հայացք նետեն ապագային: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի՝ գները կմնան կայուն և ֆինանսական համակարգը կաշխատի անխափան: Հայաստանում այդ հենման կետը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է: Մեր անտեսանելի ներկայության շնորհիվ է, որ մարդիկ խնայողություններ են ձևավորում՝ հավատալով, որ դրանք չեն արժեզրկվի, գործարարները իրականացնում են երկարաժամկետ ներդրումներ՝ հավատալով, որ ռիսկերը կառավարելի են, և կառավարությունը կարող է կենտրոնանալ զարգացման ծրագրերի վրա՝ չմտածելով անկայունության սպառնալիքների մասին»,-ասաց նա:
Աննա Գրիգորյան