Արցախ

Մայիլյանն ի գիտություն է ընդունել ընտրությունների արդյունքներն ու շնորհավորել Արայիկ Հարությունյանի

2 րոպեի ընթերցում

Մայիլյանն ի գիտություն է ընդունել ընտրությունների արդյունքներն ու շնորհավորել Արայիկ Հարությունյանի

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի թենկածու, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ի գիտություն է ընդունել Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներն ու շնորհավորել ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամ այս մասին Մայիլյանը գրել է «Ֆեյսբուք»­-ի իր պաշտոնական էջում։

«Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար հաշվի առնելով անցկացված համապետական ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը, ինչպես նաև ի գիտություն ընդունելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը, հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին»,- գրել է Մայիլյանը։

Մասիս Մայիլյանը քաղաքացիներին և իր թիմի անդամներին շնորհակալություն է հայտնել ընտրություններում իրեն աջակցելու համար։

«Մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմակիցներին, ինձ սատարած բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին: Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում իմ նախընտրական կենտրոնական շտաբի համակարգող Գրիգորի Սահակյանին։ Առաջին փուլում իմ ստացած ավելի քան 26% քվեները լուրջ հաջողություն եմ համարում՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները, ներառյալ՝ ինձ ու իմ քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմը, որն, ի դեպ, շարունակվում է ցայսօր»,- նշել է Արտաքին գործերի նախարարը։

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում