ՀՀ արդարադատության համակարգի գործունեությունը երբևէ կասկածի տակ չենք դրել. Արայիկ Հարությունյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը երբևէ կասկածի տակ չի դրել Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն անդրադարձավ ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարություններին։
«Ազատ հայրենիք» կուսակցությունն այն ժամանակ դիմել է դատախազություն, որ, եթե հնարավոր է, փոփոխվի խափանման միջոցը։ Նաև ստորագրություններ են հավաքվել կուսակցության պատգամավորների կողմից։ Բայց ուզում եմ հայտարարել, որ մենք Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը երբևէ կասկածի տակ չենք դրել։ Կա Հայաստանում արդարադատության համակարգ, և հարցն իրենց որոշելիքն է»,- ասաց Հարությունյանը։
Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին:
2018 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Քոչարյանին:
Նորայր Շողիկյան