Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական գրությամբ պատասխանել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գրությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ին, այցելել քննիչ հանձնաժողով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

Պատասխանում նշվել է, որ Սերժ Սարգսյանը խնդիր չունի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին մանրամասներ ներկայացնելու՝ Ադրբեջանի կողմից 2016 թվականին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին։

Գրասենյակը խնդրել է պարզաբանել` արդյոք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվո՞ւմ է, թե ոչ և տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:

Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշել էր, որ 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովը 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել։ Վարչապետի կարծիքով՝ երբ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու 2016-ին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ներկայանան քննիչ հանձնաժողովի նիստին, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում