Արտակարգ դրության օրերին սոցիալական աջակցության կարիք ունեցողներին կցուցաբերվի հասցեական մոտեցում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հասցեական մոտեցում ցույց կտա արտակարգ դրության օրերին սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում իրենց կոմունալ վճարումներն իրականացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների վերաբերյալ հարցին:
«Մոտեցումը պետք է լինի հասցեական: Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, աջակցություն ենք ցուցաբերելու հանրային միջոցներով: Պետք է նաև այս ճգնաժամից հետո հանրությանը հաշվետվություն տանք, թե ինչպես այդ միջոցներն օգտագործեցինք: Նույնը վերաբերում է նաև կոմունալ վճարներին, այստեղ ևս պետք է թիրախային մոտեցում ցույց տանք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի պարետը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ գազի վարձը չվճարելու հիմքով պայմանավորված անջատումներ չեն լինի արտակարգ դրության ռեժիմի ընթացքում:
Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը: