Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի հայկական ջարդերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի հայկական ջարդերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի հայկական ջարդերից հարյուր տարի անց հայերս հարգանքի տուրք են մատուցում բոլոր անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում ազատ հայրենիքում ապրելու և արարելու հայ ժողովրդի վճռականությունը։ Այս մասին նշված է Շուշիի հայկական ջարդերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայտարարության մեջ ասվում է. «Այսօր մենք միանում ենք Արցախի մեր հայրենակիցներին և նրանց հետ մեկտեղ ոգեկոչում ենք մեկ դար առաջ Շուշիի հայկական ջարդերի բազմահազար զոհերի հիշատակը:

Հարյուր տարի առաջ Ադրբեջանի առաջին հանրապետության զինված ստորաբաժանումները փորձեցին զենքի ուժով և խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմամբ լուծել արդեն իսկ միջազգային օրակարգ մտած Ղարաբաղի հարցը:

Արդյունքում այրվեց և ոչնչացվեց հայկական Շուշին, որը տարածաշրջանի տնտեսական, հոգևոր և մշակութային մեծ կենտրոն էր: Աննախադեպ դաժանությամբ իրականացված այս վայրագությունը ղեկավարեց Խոսրով բեկ Սուլթանովը ով հետագայում՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվ մասնակցություն ունեցավ նացիստական զորքերի շարքում ադրբեջանական լեգիոնի ստեղծման գործում:

Այնուհանդերձ, հրով և սրով Արցախն Ադրբեջանի առաջին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց և փաստացի դարձավ Ադրբեջանի անկախության կորստի պատճառներից մեկը:

Այսօր, այս դեպքերից հարյուր տարի անց մենք մեր հարգանքի տուրքն են մատուցում բոլոր անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում ազատ հայրենիքում ապրելու և արարելու հայ ժողովրդի վճռականությունը»:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում