Արցախ

Արցախի նախագահական ընտրությունների առաջատարն Արայիկ Հարությունյանն է. սոցհարցում

3 րոպեի ընթերցում

Արցախի նախագահական ընտրությունների առաջատարն Արայիկ Հարությունյանն է. սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալական հարցումների արդյունքներով՝ Արցախի նախագահական ընտրությունների առաջատարն է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Արայիկ Հարությունյանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները։

«Այն քաղաքացիների, ովքեր արդեն հստակ գիտեն, թե ում են իրենց ձայնը տալու, 46 տոկոսը քվեարկելու է Արայիկ Հարությունյանի օգտին, երկրորդ տեղում ինքնառաջադրված Մասիս Մայիլյանն է՝ 22 տոկոս, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկելու է 8 տոկոսը, իսկ Արցախի Ժողովրդավարական կուսակցությունից Աշոտ Ղուլյանի օգտին՝ 4 տոկոս։ Մնացած 20 տոկոսը հասնում է մյուս 10 թեկնածուներին»,- ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ մնացած թեկնածուները 5 տոկոսից բարձր ցուցանիշ չեն արձանագրել։

Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Արցախում քարոզարշավի ընթացքին հետևում է բնակչության 72 տոկոսը, մնացած 28 տոկոսը չի հետևում։

«Ընդ որում, ընտրությունների մասին տեղեկացված են 85 տոկոսը։ 32 տոկոսը պատրաստ է գնալու ընտրությունների և քվեարկելու իր նախընտրած թեկնածուի օգտին, մնացածը դեռ չեն կողմնորոշվել»,- նշեց Ադիբեկյանը։

«Ի՞նչ ակնկալիքներ ունեն ապագա իշխանություններից» հարցին ի պատասխան քաղաքացիները նշել են՝ սոցիալական խնդիրների լուծուը, բնակավայրերի բարեկարգում և հանգստի ու ժամանացային կենտրոնների կառուցում։

«Ամենաճանաչված թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Նրան գիտեն հարցվածների 84 տոկոսը, երկրորդ տեղում է Մասիս Մայիլյանը՝ 64 տոկոս, երրորդը՝ Վիտալի Բալասանյանն է 60 տոկոսով, իսկ Աշոտ Ղուլյանին ճանաչում են հարցվածների 54 տոկոսը։ Մյուսները բավականին համեստ թվեր ունեն՝ 5 տոկոսից բարձ ցուցանիշ չեն արձանագրել»,- ասաց Ադիբեկյանը։

Սոցիոլոգի կանխատեսմամբ, եթե ընտրություններին մասնակցելու որոշում ընդունածները գնան ընտրատեղամաս, ապա ընտրությունները կլինեն միափուլ և Արայիկ Հարությունյան կընտրվի նախագահ՝ ստանալով 56,5 տոկոս ձայն, երկրորդ տեղում կլինի Մասիս Մայլիյանը՝ 26,6 տոկոս ձայնով։

Հարցումն իրականացվել է Ստեփանակերտի ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների շնորհիվ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում