«Գիշերային թռիչք», «Հավերժ քոնը»… Տասը գիրք, որոնք այս օրերին կարող են ընկերակցել ընթերցողներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասում են՝ գրքերը նոր հորիզոններ են բացում, ստիպում ևս մեկ անգամ խորհել մարդու, կյանքի, աշխարհի մասին:

«Արմենպրես»-ն առաջարկում է բազմաոճ և բազմաժանր գրքեր, որոնք ընթերցողներին գուցե գերեն կամ հիասթափեցնեն, հուզեն կամ ոչ. ամեն դեպքում անտարբեր չեն թողնի:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Գիշերային թռիչք»:

Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք օդաչուներից անիմանալի խիզախում են պահանջում: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանաեզրին կանգնած մարդու ապրումները: «Գիշերային թռիչք»-ը դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ:

Գաբրիել Գարսիա Մարկես, «Սերը ժանտախտի օրերին»:

Ի՞նչ է սերը: Երա՞զ, երազա՞նք, թե՞… Այն երիտասարդ սրտերի խաբկա՞նք է: Ինչ էլ որ լինի, վեպի գլխավոր հերոսը՝ Ֆերմինա Դասան, քայլում է առաջ՝ դեպի իր սերը:

Թոմ Հենքս, «…Այն, ինչ զգում է իմ սիրտը»:

Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև հետաքրքիր գրող է: «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքի մասին Հենքսն ասում է. «Երկու տարում ես նկարահանվել եմ Նյու Յորքում, Բեռլինում, Ատլանտայում, Բուդապեշտում և այլ քաղաքներում: Աշխատել եմ պրես-տուրերում, հյուրանոցներում, ինքնաթիռներում, տանը, անգամ արձակուրդում: Երբ գրաֆիկս թույլ էր տալիս, գրում էի առավոտից մինչև գիշերվա ժամը մեկը իմ հավաքածուի տարբեր գրամեքենաներով»:

Միգել դե Ունամունո, «Մառախուղը»:

Հեղինակի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը: «Մառախուղը» կարող ես ընթերցել և ընկալել որպես իրականություն, որը հնարավոր է վերափոխել, բայց մինչև վերջ խորամուխ լինել նրա գաղտնիքներին՝ անկարող ես:

Ռոբին Շարմա, «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»:

Կառավարիր միտքդ: Հետևիր նպատակիդ: Տիրապետիր ինքնավերահսկողության արվեստին: Հարգիր ժամանակդ: Ունեցիր «ոչ» ասելու համարձակություն: Պարզեցրու կյանքդ: Անշահախնդիր ծառայիր մարդկանց: Այս և մի շարք նման խորհուրդների, հնարքների միջոցով Շարման իր հերոսի՝ վանական դարձած նախկին միլիոնատեր իրավաբան Ջուլիան Մենթլի միջոցով օգնում է մեզ զբաղվել անձնական հոգևոր աճով:

Գուրգեն Խանջյան: «Տուր ձեռքդ, պստլո»:

Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:

Դանիել Գլաթաուեր, «Հավերժ քոնը»:

Վեպը ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող նմուշներից է: Երեսունը բոլորած ժամավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը:

Խալեդ Հոսեյնի, «Օդապարուկ թռցնողը»:

Մանկությունից հասունություն տանող ճանապարհի, մեղքի ու դավաճանության, սիրո պատմություն է: Հաճախ այն դիտարկվում է որպես ինքնակենսագրական ստեղծագործություն, թեև Հոսեյնին երբեմն միտումնավոր դիմել է երկիմաստության, իր խոսքով՝ ընթերցողական ակումբներին խենթացնելու համար:

Ջասթին Տրյուդո, «Ընդհանուր հայտարար»:

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում: Գրքում հեղինակը խոսում է ծնողների, աշխարհի առաջնորդների հետ իր մանկության հանդիպումների, պատանեկան վախերի, սեփական ուղին գտնելու դժվարության, քաղաքականություն մուտք գործելու որոշման և առաջին ընտրարշավի դժվարության մասին:

Միլան Կունդերա, «Կեցության անտանելի թեթևությունը»:

Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման անհնարինությանը:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվում կամ չեղարկվում են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում ընդլայնվել են բուժական հնարավորությունները

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան

Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի և ատոմակայանի օգտագործված վառելիքի հետ կապված ծրագրեր․ Խաչատուրյան

Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր, մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը