Հասարակական

Մեկնարկել է ուսուցիչներին,  աշակերտներին և ուսանողներին ուղղված «Կիբեռանվտանգ Հայաստան» արշավը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ուսուցիչներին,  աշակերտներին և ուսանողներին ուղղված «Կիբեռանվտանգ Հայաստան» արշավը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագ դպրոցների ուսուցիչների, աշակերտների և ուսանողների մասնակցությամբ մարտի 11-ին Երևանում մեկնարկել է «Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ժամանակակից աշխարհում գրեթեբոլորն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կիբեռտիրույթին:«Այսօր շատ գիտնականներ կարծում են, որ երեխան պետք է ունենա տարրական հմտություններ՝ ինչպես վարվել կիբեռտարածքում, որը, իհարկե, կարևոր խնդիր է՝ և՛ անվտանգության, և՛ արդյունավետության, և՛ կրթության որակի և համապատասխանության տեսանկյունից: Իսկ երեխաների անվտանգության մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև վաղ մանկությունը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում 3-4 տարեկան երեխաների 50 տոկոսն առնչվում է համացանցին, իսկ սա նշանակում է, որ պետք է ունենանք մատչելի և հասկանալի կարգավորումներ՝ կիբեռտարածքում երեխաների անվտանգ վարքը և գոյակցումն ապահովելու համար»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որմանկավարժական մոտեցումները տարբեր են՝ տեխնոլոգիական կրթությունը սկսել ավելի շուտ տարիքի՞ց, թե՞ մինչև 12 տարեկանը ձեռնպահ մնալ դրանից:

«Այսօր կրթության ոլորտի բարեփոխումներից մեկը հանրակրթության բովանդակության, առարկայական չափորոշիչների, այդ թվում՝ հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության հարցն է, և դրա համատեքստում մենք քննարկում ենք նաև՝ ինչպես կազմակերպել տեխնոլոգիական կրթությունը հանրակրթության ոլորտում, որ մակարդակից և ինչպիսի արդյունք ակնկալել վերջում: Բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները հաշվի առնելու համար նախատեսում ենք այդ թեմայով նաև հանրային քննարկում կազմակերպել: Մենք երեխային պետք է զինենք համապատասխան գիտելիքով և հմտություններով, նրան բացատրենք այդ տարածքում գտնվելու բոլոր հնարավոր վտանգները»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

«Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավի նպատակն է ուսուցիչներին, աշակերտներին և ուսանողներին ներկայացնել կիբեռտիրույթում առկա վտանգները և դրանցից պաշտպանվելու հիմնարար սկզբունքները։ Արշավի հիմնական թեմաներն են՝ կիբեռբուլինգ, կիբեռթրաֆիքինգ, անվտանգ առցանց գնումներ, համակարգչային խաղեր, ինչպես նաև՝ կիբեռհիգիենա։ Մասնակիցները կսովորեն նաև ձևավորել դրական թվային հետք, ինչը ներկա և ապագա հաջողության թվային ուղին է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում