Քարոզարշավին վարչապետի մասնակցության մոտիվացիան պայմանավորված է կառավարման առանձնահատկություններով
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաքվեի քարոզարշավի ակտիվ փուլը մեկնարկել է։ Արդեն քանի օր է «Այո»-ի ճամբարի ներկայացուցիչներն սկսել են գյուղերում ու քաղաքներում քարոզչական աշխատանքներ իրականացնել։ Քարոզարշավին ակտիվ մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի մասնակցությունն այս օրերին տարբեր կերպ է մեկնաբանվում։ Շատերը համարում են, որ իշխող թիմը պետք է ինքնուրույն կազմակերպեր ու իրականացներ քարոզարշավը՝ վարչապետին ազատելով այդ ծանրությունից։ Այս տրամաբանությամբ հարցին մոտենալիս հաջորդ եզրահանգումներն են. առաջին՝ վարչապետի թիմը չունի հանրության մոտ բավարար վարկանիշ, որպեսզի առանց իր լիդերի իրականացնի քարոզարշավ եւ այն հասցնի հաղթական ավարտի, երկրորդ՝ իրականում հանրաքվեի արդյունքները իշխանությունների տեսանկյունից վտանգված են, եւ իրականում «Այո»-ի հաղթանակը միանշանակ չէ։
Դասական քաղաքական տեխնոլոգիաների ու քաղաքական գործընթացների տեսանկյունից այս մետեցումներն ու դիտարկումները գուցեեւ շատ տրամաբանական ու միանշանակ թվան, բայց Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ուսումնասիրելիս հարցին սկսում ենք մոտենալ մի փոքր այլ տրամաբանությամբ։ Վարչապետն իր երկար տարիների քաղաքական գործունեության մեջ սովորաբար աչքի է ընկել բանավոր խոսքի ու հանրության հետ ակտիվ շփումների, կարելի է ասել, գերազանց ունակություններով։ Որպես քաղաքական գործիչ նա չափազանց բաց է ու հրապարակային, ինչը չի կարելի ասել մեր նախկին նախագահներից ու վարչապետներից շատ-շատերի մասին։
Եվ եթե նախկինում մենք առաջին դեմքերին տեսնում էինք այն քարոզարշավներին, որտեղ հարկավոր էր այդ գործընթացին լրջություն ու բովանդակություն հաղորդել, ապա Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում միշտ եղել է հրապարակում։ Այսինքն, որպես քաղաքական գործիչ, քաղաքական գործչի տիպ, նրա ուժեղ կողմը հանրության հետ ակտիվ շփումների ունակությունն ու այդ եղանակով իր առաջ դրված խնդիրների լուծմանը հասնելն է, ինչը նա պահպանեց նաեւ վարչապետ դառնալուց հետ։ Իր կառավարման ոճի մեջ հանրության հետ շփումները կարեւոր տեղ են զբաղեցնում։ Քաղաքացու հետ զրույցը միշտ ուղեկցում է վարչապետին այս կամ այն կարեւոր որոշումների կայացման փուլում։
Նույն իրավիճակն էլ այստեղ է, խնդիրը քարոզարշավը հաղթական ավարտին հասցնելն է։ Քաղաքական կոնկրետ խնդիրներ լուծելու անհրաժեշտությունից դրդված չէ, որ վարչապետը մասնակցում է քարոզարշավին։ Դա առավելապես պայմանավորված է հենց Նիկոլ Փաշինյանի բնական կառավարման եղանակի, ոճի առանձնահատկություններով։ Եթե երկրում ընթանում է այնպիսի կարեւորագույն պրոցես, ինչպիսին հանրաքվեն է, վարչապետը պարզապես չէր կարող չլինել այդ գործընթացի կրողն ու առաջամարտիկը։ Դա քաղաքական գործչի տեսակի հարց է։
Վարչապետի վարկանիշի ու «Այո»-ի հաղթանակի մեծ հավանականության մասին է վկայում նաեւ քարոզարշավի առաջին օրերի ընթացքը, որտեղ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դրական է վերաբերվում «Այո»-ի քարոզչությանը։ Հետաքրքրական է, որ մետրոյում տեղի ունեցած այն միջադեպը, երբ մի աղջիկ վարչապետի տված բուկլետը պատռում եւ թափում է վարչապետի դիմաց, մեծ իրարանցում ու զարմանք էր առաջացրել նույնիսկ ընդդիմության շարքերում։ Որոշ ուժեր դա փորձեցին օգտագործել, իհարկե, քարոզչական նպատակներով, բայց ակնհայտ էր, որ դա եզակի դեպք էր, երբ քաղաքացին այդպես է արձագանքում վարչապետի հետ շփմանը։
Խնդիրն այն չէ, որ չեն կարող լինել ընդդիմադիր հայացքներ կրող անձինք, ընդդիմությանը սատարող անձինք, խնդիրն այս դեպքում անգամ այն չէ, որ աղջիկն ինչ-որ առումով ոչ ադեկվատ վարք ցուցաբերեց… Ի վերջո, անկախ այն բանից, թե ինչքան ենք սիրում Նիկոլ Փաշինյանին անհատապես, ի վերջո, վարչապետը պետության խորհրդանիշն է, եւ պետք է հարգալից լինել։ Բայց այս պարագայում նույնիսկ դա չենք դարձնում քննության առարկա։ Սոսկ այն, որ վերջին օրերի քաղաքացիների հետ ակտիվ շփումներում այդ աղջկա հետ կապված միջադեպի շուրջ առաջացած իրարանցումը վկայում է այդպիսի վերաբերմունքի եզակիության ու «Այո»-ի թիմի ու իշխանությունների հանդեպ քաղաքացիների ունեցած բավականաչափ բարձր վստահության մասին։ Այսինքն՝ մարդկանց պատկերացումներում իշխանությունը ենթակա եւ արժանի չէ արհամարհական վերաբերմունքի, վարչապետի հետ կոնտակտը եւ վարչապետի ասելիքին արձագանքը մարդիկ բոլորովին այլ կերպ են պատկերացնում։
Դավիթ Պետրոսյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ