Հասարակական

ՏՄՊՊՀ-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը համագործակցելու պատրաստակամություն են հայտնել

2 րոպեի ընթերցում

ՏՄՊՊՀ-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը համագործակցելու պատրաստակամություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մարտի 3-ին հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարին Մարկիդեսին և գործարար կապերի պատասխանատու, դասախոս Կարեն Սարկավագյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել երկու կառույցների միջև համագործակցության հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն դեռևս նախորդ տարվանից կրթական հաստատությունների հետ նոր որակի և բովանդակությամբ համագործակցության ծավալմանն ուղղված նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ նպատակ ունենալով ամրապնդել պետական հատվածում աշխատաշուկայի և բուհերի միջև կապը, ինչպես նաև օգտագործել հանրապետության գիտական և մասնագիտական ներուժը՝ տնտեսական մրցակցությանն առնչվող ժամանակակից մարտահրավերների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու աշխատանքներում:

Նա հավելել է, որ հանձնաժողովը պատրաստակամ է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ նույնպես փոխշահավետ գործակցություն զարգացնել, որը կարող է ընդգրկել ուսանողների համար գործնական դասընթացների կազմակերպումը՝ հնարավորություն ընձեռելով նրանց մասնակցություն ունենալ ուսումնասիրությունների գործընթացներին, ինչպես նաև առանձին հարցերում համագործակցել՝ օգտագործելով համալսարանի մասնագիտական կարողությունները:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես քննարկել են թվային հարթակի ներդրման հարցում տվյալների վերլուծաբանի ներգրավման, հանձնաժողովի կողմից ավարտական աշխատանքների թեմաների պատվիրակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև համագործակցության զարգացման այլ հնարավոր ուղղություններ` տնտեսական մրցակցությանն առնչվող խնդիրների կարգավորման, հանրային իրազեկման և վստահության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության զարգացման ուղղությամբ երկուստեք իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում