Թունյանը ներկայացված հակածխախոտային օրինագծում տնտեսության համար տեսնում է էական ռիսկեր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացված հակածխախոտային օրինագծում տնտեսության համար էական ռիսկեր է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թունյանն այս մասին ասաց ԱԺ նիստում նախագծի քննարկման ժամանակ։ Նախ՝ անդրադառնալով ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ իրենց առաջարկությունները նախագծում չընդգրկելու վերաբերյալ դժգոհությանը՝ Թունյանը նշեց, որ իսկապես եղել են նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փոփոխություններ կատարելու համաձայնություններ: «Սակայն երկրորդ ընթերցումից առաջ մենք տեսնում ենք, որ ավելի ենք խստացրել օրենքի նախագիծը: Բայց «Իմ քայլը» խմբակցությանը, հանձնաժողովին մի փորձեք կառավարության հետ կռվեցնել, որովհետև մենք մի թիմ ենք, այդ քննարկումները մեր ներսում ունեցել ենք, կունենանք և ունենում ենք: Տարբեր հարցերի շուրջ կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ: Ես գտնում եմ, որ այս տեսքով այս նախագիծը բիզնեսի, տնտեսության համար էական ռիսկեր է պարունակում»,-ասաց Թունյանը:

Նա շեշտեց, որ շատ բովանդակային քննարկումներ են եղել, հանձնաժողովում քննարկել են իրավական, տնտեսական ասպեկտները, միայն ծխողների իրավունքների մասին չեն խոսել: «Հակառակը՝ սա պետք է ծխողների և չծխողների թեմա չլինի, սա պետք է լինի առողջ մարդու թեմա: Եթե մենք մի քիչ ավելի կոշտ լինեինք, հավատացած եղեք, այնքան հիմնավոր փաստարկներ կբերեինք, որ նախագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացության կարժանանար: Մենք դրական եզրակացություն տվել ենք այն բանի համար, որ չենք ուզում այս նախագիծը տապալվի, չենք ուզում, որ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին »,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ շտկելու բաներ նախագծում միանշանակ կան:

Նա շեշտեց՝ ինքը ևս ասում է, որ ծխելը վատ բան է, սակայն պետք է հասկանան՝ այդ օրինագծով այդ խնդիրը լուծում են, թե ոչ, ինչ են շահում և ինչ կորցնում, ինչքանով է արդյունավետ վարչարարությունը, ինչքանով է այն հնարավոր լինելու իրականացնել: «Առողջ մարդն է տնտեսության մեջ մեծ արժեք ստեղծում, բայց առողջ մարդիկ լինում են միայն հարուստ երկրներում: Աղքատ երկրներում առողջ մարդիկ չեն լինում: Իսկ այդ հարստությունը ստեղծում են տնտեսավարողները: Իսկ եթե խոսում եք փողն ու առողջությունը հակադրելու մասին, ասեմ, որ ծխախոտային ինդուստրիան 2019-ին ավելի քան 120 մլրդ դրամի հարկեր է վճարել»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ պետք է առողջ, հավասարակշռված մոտեցում գտնել:

Եթե նախագիծն ուժի մեջ մտնի, Թունյանը միգուցե բոլոր խնդրահարույց դրույթների վերաբերյալ հանդես գա լրացուցիչ փոփոխությունների առաջարկներով: Նա նշեց՝ ժամանակ կունենան մանրամասն դիտարկել բոլոր ռիսկերը, բոլոր հետևանքները և հարկ եղած դեպքում կփոխեն դրույթները՝ մինչև դրանց ուժի մեջ մտնելը: «Եվ եթե որևէ մեկը մեզ մեղադրելու է առողջությունը վնասելու, ծխախոտային ինդուստրիայի շահերը պաշտպանելու մեջ, ի սկզբանե ասեմ, որ այդ մեղադրանքներն անհիմն են »,-ասաց Թունյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում նշել էր, որ որպես պետական պաշտոնյաներ իրենք պարտավոր են առաջին հերթին մտածել քաղաքացիների առողջության անվտանգության մասին: «Սա, իհարկե, չի նշանակում, որ բիզնես շահերը պետք է որևէ կերպ անտեսվեն: Բայց նժարի վրա դրված լինելով գումար, թե առողջություն, կարծում եմ, որ այստեղ այլընտրանք չկա»,-հավելել էր Մակունցը:

Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անկախ այդ օբյեկտների փակ կամ բաց լինելուց: ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019-ի դեկտեմբերի 10-ին: Այդ տարբերակով առաջարկվում էր արգելել ծխախոտի օգտագործումը հանրային փակ և կիսափակ տարածքներում:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա