Երկու աշխարհի սահմանագծին. փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը հարուստ գրական ժառանգություն է փոխանցել սերունդներին և ձևավորել այն լեզուն, որով բանաստեղծները ստեղծագործում են մինչ օրս. փետրվարի 9-ին նշվում է նրա 135-ամյակը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծ Հուսիկ Արան շեշտեց, որ Տերյանը նախ և առաջ քաղաքային կուլտուրա է ստեղծել: «Տերյանն իր գրականությամբ ամբողջությամբ փոխեց և քաղաքային մշակույթի աստիճանի բարձրացրեց մեր հայացքը, մտածողությունը և՛ պոեզիայում, և՛ առհասարակ լեզվական խոհականության առումով: Ինչպես Պուշկինը կարողացավ ռուսաց լեզուն փրկել իր բանաստեղծությամբ, այնպես էլ Տերյանը կարողացավ նոր մշակույթ ստեղծել իր քնարերգությամբ»,-ասաց Հուսիկ Արան:

Բանաստեղծը խոստովանեց, որ Տերյանի գրեթե բոլոր գործերն է սիրում: «Նա տրամադրություն, մթնոլորտ ստեղծող գրող է: Շատ եմ սիրում «Երկիր Նաիրի» շարքը: Այդ շրջանում մեր գրողները միայն ստեղծագործողներ չէին, այլև հասարակական գործիչներ, որոնք ամփոփում էին մեր հայրենիքը: Այդպիսին էր Վահան Տերյանը: Նրա բանաստեղծությունները Խորհրդային Միության տարիներին այլ կերպ էին մեկնաբանում, մեր օրերում այլ լույսի տակ են ներկայացնում: Կարծում եմ՝ այդ առումով մեծ գործ է անում նրա թոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը»,-ասաց Հուսիկ Արան և հավելեց, որ Տերյանին վերարժևորել և գնահատել է պետք:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ ընդգծեց, որ Վահան Տերյանն այն բացառիկ բանաստեղծներից է, որի ստեղծագործություններն առաջին իսկ հրապարակումից մինչ օրս գնահատված են և՛ ընթերցողական, և՛ գիտական դաշտում: «Այլ հարց է Տերյանի՝ որպես հանրային և քաղաքական գործչի ընկալումը: Դա դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Գևորգ Էմին-Տերյանի գրքերը որոշակի լույս են սփռում դրա վրա և օգնում նոր ընդհանրացումներ կատարել, բայց, ցավոք, ճակատագրի բերմամբ Տերյանն այդ առումով ոչ միանշանակ է գնահատվել: Չարենցը մի ձևակերպում է օգտագործել. «Երկու աշխարհի սահմանագծին»: Տերյանը երկու աշխարհի սահմանագծին հայտնված անհատականություն էր, գործիչ, որին վիճակված էր բարդ ճակատագիր: Սովետական Միությունում ամեն կերպ կոծկելու էին նրա գործունեությունը, իսկ հետանկախության շրջանում ամեն կերպ փորձելու էին Տերյանին հեռու պահել բոլշևիկներից»,- նշեց Նիկողոսյանը:

Գրականագետի խոսքով՝ երկու աշխարհի սահմանագծին գտնվելն ազդել է Տերյանի ժառանգության որոշ գործերի մեկնաբանության վրա: Օրինակ՝ Տերյանի նամականին ինչպես հարկն է չի ներկայացվել ընթերցողին: Այն շարքը, որը հասանելի է, կրճատումներով է, զեղչումներով:

«Ունի բանաստեղծություններ, որոնք խորհրդային շրջանում ընկալվում էին որպես դաշնակցականներին ձոնված ատելության կամ քննադատության գործեր: Անկախության շրջանում գրականագետներն այդ բանաստեղծությունները մեկնաբանեցին քննադատություն՝ ուղղված բոլշևիկներին: Դերի ոչ միանշանակ ընկալում կա, որը պետք է կարողանանք հստակեցնել»,- շեշտեց Նիկողոսյանը:

Անդրադառնալով Տերյանի կերպարին՝ նա հիշեց, որ գրականագետներն ու արվեստագետները կինոյում, նկարչության, քանդակագործության մեջ Տերյանին պատկերել են խեղճ, ծուռ վզով, աշնան թախիծի և մելամաղձության տրամադրություններով գրողի: Նրա բանաստեղծությունների ժողովածուների տարբեր նկարազարդումները այդ մոտիվով են: «Ըստ իս՝ Տերյանը հզոր անհատականություն ունեցող բանաստեղծներից է, որի ստեղծագործությունն էլ դա հասկանալու և գնահատելու հնարավորություն տալիս է: Նա առաջինն էր, որ բերեց մաքուր քաղաքային քնարերգություն, քաղաքային գրականություն, որը նորություն էր, և Տերյանը պայմանավորեց մեր նոր գրական հայերենի՝ արևելահայերենի ճակատագիրը:

Կարծում եմ՝ մենք Տերյանին պարտք ենք նրա արածի, դերի վերագնահատում, նրա երկերի լիակատար ժողովածու, նոր ֆիլմեր, քանդակներ, որոնք կօգնեն վերականգնել Վահան Տերյանի հզոր կերպարը»,- եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Վահան Տերյանն իր գործունեության ընթացքում թողել է չորս հարյուրից ավելի տարբեր ժանրի քնարական բանաստեղծություններ, շուրջ երեք տասնյակ գրաքննադատական և հրապարակախոսական հոդվածներ, մի քանի հարյուրի հասնող նամակներ: Նրա գործերը, որոնք այսօր էլ չեն կորցրել թարմությունն ու այժմեականությունը, խոսում են բանաստեղծի հզոր տաղանդի մասին:

Վահան Տերյանի բանաստեղծական շարքերն են՝ «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի», «Կատվի դրախտ» և այլն:

Ավետիք Իսահակյանը նկատել է. «Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնա որպես հավերժական բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացումներ և անխառն գեղեցկություններ»:

Անժելա Համբարձումյան

Հայերեն العربية Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն