Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ, հաջողություններ մաղթել և համոզմունք հայտնել, որ նա իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Դեսպան Մենցինն իր հերթին նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման և ամրապնդման համար:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Սլովենիան՝ որպես փոքր, բայց հաջողակ երկրներ, ունեն լավ հարաբերություններ և դրանք ընդլայնելու ամուր հիմք:

Կարևորելով տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ նախագահն ասել է, որ երկկողմ առևտրատնտեսական կապերը դեռևս այդքան լավ զարգացած չեն, դրանք չեն համապատասխանում առկա ներուժին, մինչդեռ դրանք առաջ մղելու շատ հնարավորություններ կան:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջող համագործակցություն ծավալել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ թվայնացման, արհեստական բանականության ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում