Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատում Գերմանական Կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատում Գերմանական Կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 31-ին ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի պատասխանատու Կարլ Հայնց Շայդեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով Գերմանական Կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն գործունեության համար, որ կազմակերպությունը ծավալել է անցած տարիների ընթացքում և շարունակում է այսօր:

Կարլ Հայնց Շայդեն ասել է, որ իր ցանկությունն է շարունակել աջակցել Հայաստանին, և իր համախոհ ընկերների հետ միասին արդեն 18 տարի իրականացնում են «Գթության խոհանոց» ծրագիրը, որը տարեցտարի ավելի լայնածավալ է դառնում՝ մեծացնելով շահառուների թիվը:

Զրուցակիցները խոսել են հետագա ծրագրերի մասին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է մտածել փոքրիկ առանձին տնտեսություն հիմնելու գաղափարի մասին, որը հնարավորություն կտա օգտագործել սեփական արտադրանքը, ստեղծել նոր աշխատատեղեր՝ ծրագիրը դարձնելով ինքնաբավ ու կայուն: Կարլ Հայնց Շայդենն առաջարկը ոգևորությամբ է ընդունել՝ այն որակելով հրաշալի գաղափար:

Գերմանական Կարմիր խաչը Հայաստանում սկսել է գործունեություն ծավալել 1988 թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Ակտիվորեն մասնակցելով ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես էլ ծավալուն և բազմաբնույթ աջակցություն ցուցա­բերելով երկրաշարժից տուժած բնակչությանը՝ կազմակերպությունը համագործակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Հանրապետության նախագահի հրամանագրով, բարեգործական անխոնջ գործունեության համար, Կառլ Հայնց Շայդեն 2019-ին պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում