Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար: Նրանց դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը:

Նախագահը և տիկինը շրջել են տաճարում, մոմ վառել, ունկնդրել հայ հոգևորականների կատարած շարականը և նրանց հետ միասին աղոթք հնչեցրել առ Աստված:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանը ողջունել է Հայաստանի նախագահի և տիկնոջ այցը սուրբ քաղաք՝ Բեթղեհեմ և նշել, որ ազգային մեծ հպարտություն է հայերի այստեղ գտնվելը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածում հոգևորականների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․«21-րդ դարի սկզբին ձեր առաքելությունը, որ սկսել եք հարյուրավոր տարիներ առաջ, նույն արժեքը, նույն նշանակությունն ունի այն օրվանից սկսած, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց այստեղ: Հետևաբար, հեռանալով այդ պատմական օրվանից, չի նշանակում, որ այդ օրվա նշանակությունն աշխարհի և մեր ժողովրդի համար նվազում է։ Ընդհակառակը՝ այն ավելանում է, քանի որ աշխարհն ավելի ու ավելի է Աստծո հավատքի և մարդկային արժեքների գնահատման կարիքն ունենում: Ձեր արածը հենց դա է՝ նվիրում Աստծուն և մարդկային արժեքների պահպանում, որը ես շատ բարձր եմ գնահատում:

Այստեղ պատմական, հոգևոր հայկական շունչ կա և, մտնելով այս տաճար, իսկապես, զգում ես հայկական ներկայությունը»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝«շատ էական է, որ ամեն ինչ անենք Սուրբ Էջմիածին և Երուսաղեմ կապն ավելի խորացնելու և ավելի կենդանի դարձնելու համար, միաժամանակ, ավելի խորանա ու ամրանա ձեր կապը հայրենիքի հետ»:

Հանրապետության նախագահը և Սրբազան Հայրը խոսել են նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության և իրականացվող առաքելության մասին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում