Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը դրական է գնահատել ՀՀ ու Վրաստանի ԱԳՆ-ների համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը դրական է գնահատել ՀՀ ու Վրաստանի ԱԳՆ-ների համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հանդիպումը, որին ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված նկատելի առաջընթացը՝ կարևորելով Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ և անմիջական համագործակցության մթնոլորտը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նույնը կայացել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Գոհունակությամբ նշվել է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը, ընդգծվել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, երկուստեք կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում