Պատգամավորներն առաջարկում են ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս գումար տրամադրել ավանդատուին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Արտակ Մանուկյանը:
«Բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն միտված նախագիծ է: Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ կարգի եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ: Մեր առաջարկած փոփոխությամբ կփորձենք վերականգնել այդ անարդարությունը, և ավանդատուին հնարավորություն կտանք այդ ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ»,- ասաց Մանուկյանը: