Քաղաքականություն

Լիբանանի կառավարությունում հայ կին նախարար է նշանակվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի կառավարությունում հայ կին նախարար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նոր կառավարությունը ձևավորված է, կազմում ընդգրկված է հայ կին նախարար: «Արմենպրես»-ին Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ հայուհի Վարդինե Օհանյանը զբաղեցնում է Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։

«Առաջին դեպքն է, որ հայ կին նախարար կա Լիբանանի կառավարության կազմում: Ասեմ, որ այս անգամ Լիբանանի կառավարությունում կին նախարարներն ավելի շատ են: Ունենք 6 կին նախարար»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Ավելի վաղ Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցի հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը: Նախորդ կառավարությունում կառավարության կազմում ընդգրկված էր Ավետիս Կիտանյանը, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը:Սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում էլ եղել է Ռիչարդ Կույումջյանը:

Լիբանանում 2019 թվականի աշնանը սկսեցին բողոքի ցույցեր: Դրանք ուղղված էին երկրի քաղաքական ինստիտուտների դեմ: Լիբանանի բնակիչները մեղադրում էին քաղաքական գործիչներին իշխանության չարաշահման և պետության ռեսուրսները սեփական հարստացմանը ծառայեցնելու մեջ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր հրաժարական տալու որոշման մասին: Նոր վարչապետ է նշանակվել Հեսան Դիաբը: Թեպետ կառավարության նոր կազմը ձևավորվել է, գործադրի շենքի մոտ կրկին ցուցարարներ են հավաքվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում