Հետահայաց. Բաքվի 1918թ. հայկական ջարդերը համաշխարհային մամուլի էջերում

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1918 Բաքվում տեղի թաթարների և թուրք-ադրբեջանական զորքերի կողմից ծրագրվեց և իրականացվեց հայկական բնակչության ջարդերի երկրորդ խոշոր ալիքը, որին զոհ գնաց ավելի քան 23 հազար հայ: Նշվածը կազմում էր հայկական համայնքի շուրջ 25 տոկոսը: Բաքվի հայերի ջարդերին, դրանց կազմակերպվածությանը և իրագործմանը լայնորեն անդրադարձել է նաև ժամանակի միջազգային մամուլը: Մասնավորապես ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականների էջերում հրապարակված տեղեկատվության՝ հայերի շրջանում զոհերի թիվը հասել է մինչև 30 հազարի:

Բաքվում հայերի կոտորածների մասին արժեքավոր տեղեկություններ են պահպանվում մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվում, որտեղ կարելի է գտնել 1918-1920 թթ․ հրապարակված թերթեր և պարբերականներ՝ հայերի ջարդերի վերաբերյալ ծավալուն անդրադարձներով։ Ջարդերի թեման լուսաբանել են ամերիկյան The Seattle star, El Paso Herald, Alexandria, բրիտանական՝ The Sun և այլ միջազգային հեղինակավոր պարբերականներ:

1905 թ.-ից հետո Բաքվի հայկական համայնքի ջարդերի երկրորդ խոշոր ալիքը ծավալվել էր 1918 թ. սեպտեմբերին 15-ին թուրքական զորքերի կողմից քաղաքը գրավելուց հետո՝ շարունակվելով մինչև նոյեմբեր:

1918 թ. հոկտեմբերի 26-ի համարում ամերիկյան El Paso Herald պարբերականը ներկայացրել է հոկտեմբերի 22-ին Թեհրանից ԱՄՆ պետքարտուղարությանն ուղարկված զեկույցից որոշ մանրամասներ. հոդվածում նշվում է, որ դեռևս թուրքական զորքերի Բաքու ներխուժումից շուրջ 36 ժամ առաջ, երբ բրիտանացիներն արդեն լքել էին քաղաքը, «թաթարներն առանց խտրականության թալանում և սպանում էին, և հաղորդվել է, որ հազարավոր հայեր են կոտորվել» [l Paso herald. (El Paso, Tex.), 26 Oct. 1918, page 2]:

El Paso herald., October 26, 1918, HOME EDITION, Page 2

Դեկտեմբերի 7-ին լույս տեսած համարում նույն El Paso Herald պարբերականը փոխանցում է գերմանական «Ֆորվերթս» (Vorwärts) պարբերականի տրամադրած տեղեկությունը, ըստ որի, թուրքական զորքերն իրենց հարձակման ընթացքում Բաքվում, Արդահանում և Օլթիում 10 հազար հայ էին սպանել: Նույն հոդվածում նաև նշվում է, որ «Բաքվում ընթացած մարտերում [կռիվներում] ավելի քան 30 հազար մարդ է սպանվել».

«Որոշ ավաններում ողջ հայկական բնակչությունը ոչնչացվել է: Թուրքերը թաթարական խմբերին թույլ են տվել թալանել [կեղեքել] հայերին», – նշված է ամերիկյան պարբերականի հոդվածում:

Գերմանական թերթի հոդվածը դեկտեմբերի 8-ի համարում տեղադրել են նաև բրիտանական հայտնի The Sun պարբերականը, ամերիկյան Հավայան կղզիներում հրապարակվող The Maui News-ը, իսկ դեկտեմբերի 9-ի համարում՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Alexandria թերթը:

The Sun. [volume], December 08, 1918, Page 4

ԱՄՆ Ինդիանա նահանգի The Richmond Palladium And Aun-Telegram պարբերականը 1919 թ. հունվարի 28-ի համարում հրապարակել է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության՝ «Թուրքական զորքերը միացել են թաթարներին հայերի վրա հարձակումներում» վերնագրով հոդվածը: Հոդվածում մասնավորապես նշվում է.

«Հայերի շրջանում սաստիկ անհանգստություն է զգացվում այն տեղեկությունների պատճառով, որ թուրքական մեծաքանակ զորքեր են միացել թաթարական ավազակախմբերին և հարձակվում են հայկական գյուղերի վրա։ Մտավախություն կա, որ ջարդերի մեկ այլ ալիք կարող է սկսվել թուրքերի կողմից, մինչև դաշնակիցները կկարողանան ազատագրել պաշարված հայկական ավանները...

«Հայկական բյուրոյին» (հասարակական կազմակերպություն, որը ստեղծվել է Լոնդոնում՝ Րաֆֆի եղբայրների նախաձեռնությամբ՝ խմբ.) տրված ոչ պաշտոնական տեղեկությունները ցույց են տալիս, որ մոտավորապես 20 հազար մարդ, ներառյալ զգալի թվով հայ զինծառայողներ, սպանվել են Բաքվում և հարակից շրջաններում»:

Անդրադառնալով Բաքվի պաշտպանությանը՝ «Ասոշիեյթիդ Պրեսը» նշում է.

«Ըստ «Հայկական բյուրոյի» քարտուղար Արամ Րաֆֆիի՝ «Ասոշիեյթիդ Պրեսի»-ին փոխանցած տեղեկության՝ հայերը ութ ամիս շարունակ միայնակ պահում էին Բաքուն՝ մինչ բրիտանական օգնական ուժերի հասնելը: Երբ ժամանեցին գեներալ Դանսթերվիլի գլխավորած օգնական ուժերը, որոնք բաղկացած էին ընդամենը 300 մարդուց, իրավիճակը դարձել էր այնքան անհույս, որ բրիտանացի հրամանատարը հայերին խորհուրդ տվեց հանձնվել:

Ա. Րաֆֆին նշում է. «Հավանաբար, խորհուրդը չընդունվեց, քանի որ քաղաքը հարձակմամբ էր վերցվել, իսկ սեպտեմբերի 16-ին քաղաքը լքած բրիտանացիները փաստում էին, որ իրենց հեռանալուց 2 օր հետո հայերի առնվազն մի մասը դիմակայում էր՝ մինչև թուրքերի, թաթարների և գերմանացիների միացյալ ուժերի կողմից ճնշվելը։ Քաղաքում մնացածների մի մասը դիմեց փախուստի, իսկ զորքերի մի մասին հաջողվեց անվնաս հեռանալ Էնզելի պարսկական նավահանգիստ: Բոլոր մնացածները կոտորվել են»։

«Ասոշիեյթիդ Պրեսի»-ի հոդվածը հրապարակվել են նաև ԱՄՆ Օրեգոն նահանգում հրատարակվող Grants Pass Daily Courier-ի հունվարի 28-ի և Կոնեկտիկուտ նահանգում հրատարակվող The Bridgeport Times And Evening Farmer-ի հունվարի 29-ի համարներում։

The Richmond palladium and sun-telegram. [volume], January 28, 1919

Բաքվի հայերի ծանր կացության մասին գրում է նաև ԱՄՆ Նևադայում հրատարակվող Carson City Daily Appeal օրաթերթը՝ 1919 թ. հունիսի 26-ի համարում, որում տեղ է գտել «Յունայթեդ Պրես» միջազգային հեղինակավոր գործակալության «Հայերը սոված են. ասում է Կարմիր խաչի աշխատողը» վերտառությամբ հոդվածը։ Այստեղ զետեղված են Անդրկովկաս ժամանած Կարմիր խաչի ամերիկացի աշխատող՝ լեյտենանտ Մելվիլ Չաթերի արձանագրությունները: Նա մասնավորապես նկարագրել է Հայաստանի ծանր տնտեսական կացությունը և սովը, իսկ Բաքվի դեպքերի առնչությամբ նշել, որ քաղաքում մինչև դեկտեմբեր թուրքերի իրականացրած կոտորածներին զոհ է դարձել շուրջ 30 հազար հայ: Մ. Չաթերը նշել է, որ մինչ թուրքերի հարձակումը հայերից շատերը փրկվել են՝ դառնալով փախստական: «Յունայթեդ Պրես»-ի հոդվածը հրապարակվել է Սիեթլի (ԱՄՆ) The Seattle star պարբերականի հունիսի 28-ի, ինչպես նաև Արիզոնայի The Daily Morning Oasis-ի հուլիսի 1-ի համարներում:

Carson City daily appeal. [volume], June 26, 1919

Միջազգային մամուլի հրապարակումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ 1918 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բաքվի հայերը երկրորդ անգամ կազմակերպված և ծրագրված ջարդերի զոհ դարձան և անհերքելի ապացույցն են ներկայումս Ադրբեջան կոչվող պետության կողմից հայերի բնաջնջման հետևողական քաղաքականության։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության անպատժելիությունը հանգեցրեց նաև 1988-1990 թթ. հայերի ջարդերի, որոնց Բաքվում, Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ) և Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում զոհ գնացին հարյուրավոր հայ բնակիչներ, հարյուր հազարավոր հայեր կորցրեցին իրենց ողջ ունեցվածքը, բնակարանները և դարձան փախստական՝ բռնագաղթելով այն բնակավայրերից, որտեղ դարեր ի վեր բնակվում էին նրանց նախնիները և իրենք: Ադրբեջանի ռասիստական քաղաքականության զոհն են դարձել նաև բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ՝ ռուսներ, վրացիներ, ներկայումս էլ այդ երկրում բնակվող գրեթե բոլոր տեղաբնիկ ժողովուրդները և ազգային փոքրամասնությունները:

Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող ռասիզմի և քսենոֆոբիայի քաղաքականությունը լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի և քաղաքակիրթ մարդկության համար:

Հայրիկ Սուքիասյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում