Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը շատ արդյունավետ է համարում Ռուսաստանի հետ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը շատ արդյունավետ է համարում Ռուսաստանի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շատ արդյունավետ է համարում Ռուսաստանի հետ համագործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը հայտնեց հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության կառավարության փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմքեր, և բավական հարուստ օրակարգ: Այդ հարուստ օրակարգի և մեր բոլոր ձևաչափերի մեջ մեր աշխատանքները շատ արդյունավետ ու շատ ակտիվ են, և մենք աշխատում ենք այնպես, ինչպես որ աշխատում էինք»,- ասաց Մնացականյանը:

Հունվարի 16-ին Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել Դմիտրի Մեդվեդեւի կառավարությանը աշխատանքի համար:

«Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արվել Է մեր համատեղ աշխատանքի այս փուլում, ցանկանում եմ գոհունակությունս հայտնել այն արդյունքների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել»,-ասել Է նախագահը Կառավարության տանը նախարարների հետ կայացած հանդիպմանը:

«Ամեն ինչ չԷ, որ հաջողվեց անել, բայց երբեք ամեն ինչ չի ստացվում ամբողջ ծավալով»,-հավելել է պետության ղեկավարը: Պուտինը կառավարության հին կազմին հանձնարարել է կատարել պարտականությունները մինչեւ նոր կառավարության նշանակումը: Ինչպես նշվում է, նախագահ Պուտինը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում