ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
1 րոպեի ընթերցում
![ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/1000307.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
«Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում վարչապետը ցուցադրեց ինքնաթիռների վայրէջքը, որին նախորդեց ինքնաթիռների ցուցադրական թռիչքը:
Տեսանյութում երևում է, որ Գյումրիում վայրէջք է կատարում 4 ինքնաթիռ, սակայն ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ն պատրաստվում է ձեռք բերել 1 էսկադրիլիա (12) ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում է մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող ՍՈՒ-30 ՍՄ մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը, որոնց ձեռքբերման մտադրության մասին նախորդ տարի էինք հայտնել: Եվ այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի ՀՀ անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- ասաց վարչապետը: