Պաշտոնական

ՀՀ նախագահը կարևորել է ՍԴ բնականոն գործունեության ապահովումը. հայտարարություն

4 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը կարևորել է ՍԴ բնականոն գործունեության ապահովումը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի համակարգի ներդրման մասին օրենքի ստորագրման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը.

«Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյո՞ք որևէ ճնշում եղել է նախագահի վրա՝ օրենքը ստորագրելու հարցում, արդյո՞ք օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվել են դրա վերաբերյալ արտահայտված տարբեր դիրքորոշումները և որքանո՞վ կայացված որոշումը կնպաստի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը:

Ի պատասխան վերը նշված հարցադրումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահը հանգամանալից ուսումնասիրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, ինչպես նաև դրա վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական գործիչների, իրավաբան-գիտնականների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:

Նախագահը խնդրի շուրջ լսել է նաև քաղաքական խմբակցությունների, մասնագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները՝ նրանց հետ ունեցած իր հանդիպումների ընթացքում:

Դիտարկվել է միջազգային փորձագետների կարծիքը, ուսումնասիրվել են Օրենքին առնչվող միջազգային փորձը և Օրենքի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական եզրակացությունը:

Օրենքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներն ու բերված փաստարկները հաճախ ունեն բարոյաքաղաքական և զգացմունքային շեշտադրումներ և արդյունք են իրավական նորմերի մեկնաբանության ընթացքում տարբեր և երբեմն հակասական մոտեցումների, քաղաքական շահերի:

Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրում է Օրենքը՝ գտնելով, որ Օրենքի գործողության ընթացքում սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով Օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը:

Նախագահը կարևորելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների և պետական ինստիտուտների արդյունավետ և համագործակցության ոգով գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մտադրությունը, որի աշխատանքներին կներգրավվի Նախագահի աշխատակազմը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում