Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց «Հանրապետության նախագահ ընտրվելու մասինե ՀՀ ԿԸՀ թիվ 24-Ա որոշումը

00:00, 8 Մարտ, 2008
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց ՀՀ նախագահի փետրվարի 19-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին գործի քննության որոշումը: Այսպիսով, այն ուժի մեջ թողեց «Հանրապետության նախագահ ընտրվելու մասինե ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թ. փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը: Դատարանը որոշեց նաեւ թիվ 01/28, 08/27, 17/02, 20/18, 23/41, 33/04, 33/21, 33/22, 37/03, 37/11, 37/44 տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրություններում փոփոխությունների, թիվ 30, 31 եւ 38 ԸԸՀ-ներում վերահաշվարկ կատարելը մերժելու վերաբերյալ որոշումների, ինչպես նաեւ դիմամատուների կողմից ներկայացված քվեաթերթիկների, քվեարկության ծրարների եւ տեսանյութերով ներկայացված փաստերի իրավագնահատման եւ օրինականությունը պարզելու նպատակով դրանք տրամադրել ՀՀ դատախազությանը` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: «ՀՀ Սահմանադրության, սահմանադրական կարգի հիմունքներից եւ հիմնարար սկզբունքներից բխում է, որ ՀՀ ընտրությունները պետք է դառնան քաղաքական հակամարտությունների հաղթահարման եւ պետական կարգի հիմնքերն ամրապնդող գործոն: Իրականում հետընտրական գործընթացներն ավելի են սրում թե քաղաքական, թե հասարակական հակամարտությունները` վտանգելով ժողովրդավարական այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, բազմակարծությունը, համագործակցությունը, հանրային վստահությունը, քաղաքակիրթ երկխոսությունը: Նման իրավիճակը նաեւ սահմանադրաիրավական լուծումներ պահանջող հիմնախնդիր է, որին բազմիցս անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանն իր որոշումներումե,- նշված է դատարանի որոշման մեջ: ՍԴ-ն գտնում է, որ կան մի շարք հիմնախնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում, եւ դա առաջին հերթին վերաբերում է գործող ընտրական համակարգին: «Այս համակարգի պայմաններում հետեւանքները միշտ նույնը կարող են լինել. ընտրական համակարգում պետք է լինի հնարավոր ընտրախախտումների բացառման սկզբունքը: Սրան հնարավոր է հասնել միայն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համակարգի արմատական բարեփոխման արդյունքում: Հանրային վստահության բարձրացումը եւ սահմանադրական հիմնարար սկզբունքերի պահանջներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար որակապես նոր մոտեցում պետք է դրսեւորվի նաեւ ընտրական գործընթացների բողոքարկման ողջ համակարգի նկատմամբե,-ասված է դատարանի որոշման մեջ: Ինչ վերաբերում է դատաքննության առարկա դարձած վեճի շրջանակներում իրավիճակի գնահատմանը, ապա համադրելով կողմերի փաստարկներն ու հակափաստարկները, վերլուծելով գործի նյութերը, օրենսդրական առկա կարգավորումներն ու դրանց կիրառման պրակտիկան` Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործող իրավակարգավորման շրջանակներում հիմք ունենալով ընտրությունների այն փաստական արդյունքները, որոնք ստացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա եւ այդ օրենսգրքով նախատեսված իրավասության շրջանակներում դրանք ամփոփելու արդյունքում` ՀՀ ԿԸՀ-ն 2008թ. փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով այլ որոշում կայացնել չէր կարող: Հիշեցնենք, որ գործի քննության համար հիմք էին հանդիսացել ՀՀ նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Տիգրան Կարապետյանի դիմումները` փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու եւ ԿԸՀ վերոհիշյալ որոշումը վիճարկելու վերաբերյալ:

© 2009 ARMENPRESS.am