ԱԺ-ն ընդունեց համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե անցկացնելու օրինագիծը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս համայնքների միավորման կամ բաժանման հարցով անցկացնել տեղական խորհրդատվական հանրաքվե:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ ՎարազդատԿարապետյանիուՎահեՂալումյանի նախագիծն ընդունվեց ԱԺ դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում:
Նախագծի համաձայն՝ կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ: Խորհրդատվական բնույթի տեղական հանրաքվե անցկացվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը որևէ որոշում չի կայացնում և քվեարկության արդյունքների արձանագրությունը ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին և կառավարության լիազորած պետական մարմնին:
Երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էր երկու փոփոխություններ: Առաջինով բարդացվել է տեղական հանրաքվեի մեխանիզմը` սահմանելով 50 տոկոսանոց մասնակցության շեմ: Այսինքն՝ խորհրդատվական հանրաքվեն կհամարվի կայացած, եթե ընտրացուցակներում առկա մարդկանց առնվազն մարդկանց 50 տոկոսը մասնակցի հանրաքվեին: Երկրորդ փոփոխությամբ համայնքների ղեկավարներին հնարավորություն է տրվու տեղերում անցկացնել բաց քննարկումներ և լսումներ, և այդ արդյունքները նույնպես կցել Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին` ԱԺ բերելուց առաջ:
Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առաջարկեց` նախագիծն ընդունելուց հետո մեկ տարում հասկանան, թե արդվոք որևէ համայնք ցանկություն կունենա՞ նման հանրաքվե անցկացնելու: «Եվ եթե 1-2 տարվա ընթացում որևէ համայնք ավելորդ համարի դա, կառաջարկենք, որ այս օրենքը նորից հետ կանչենք, որովհետև լավ պրակտիկա չէ ընդունել օրենքներ, որոնք կյանքի հետ առնչություն չունեն»,-ասաց Բագրատյանն ու նշեց` իրենց կողմ կքվեարկեն նախագծին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք որպես պատգամավոր օրենքներն ընդունելուց հետո կդիտարկեն և կտեսնեն, թե ինչպես են օրենքներն աշխատում և որևէ կերպ կաշկանդված չեն ճկուն լինել և փոփոխություններ անել: Մակունցը հայտնեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց` իրենց կարծիքով կարիք չկա մեկ տարի սպասել` համոզվելու, որ նախագծով առաջարկվող կարգավորումները ավելի շատ խնդիր են առաջացնելու, քան լուծելու` շատ համայնքներին զրկելով հանրաքվեների անցկացման հնարավորությունից, այդ պատճառով խմբակցությունը դեմ կքվեարկի:
Արդյունքում՝ քվեարկությամբ նախագծերի փաթեթը ստացավ 94 կողմ և 18 դեմ ձայներ, գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող պատգամավոր Համազասպ Դանիելյանի և Կարեն Սարուխանյանի «կողմ» ձայները: