1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՀԿ-ն հայտնեց Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու մտադրության պատճառը

ԼՀԿ-ն հայտնեց Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու մտադրության 
պատճառը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանիում «Լույս» խմբակցությունում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին ետ կանչելու մտադրությունը ամենևին կապված չէ Խաժակյանի աշխատանքից գոհ լինել-չլինելու հետ: Կուսակցությունում նկատել են՝ «Լույս» խմբակցությունը երբեմն շեղվում է կուսակցության որդեգրած տեսլականից, լինում են իրավիճակներ, որոնք դուրս են անգամ Խաժակյանի ազդեցությունից, և այդ արարքների համար կուսակցությունը պատասխանատվություն կրել չի ուզում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Մի քանի անգամ նման գաղափար քննարկվել է, և երեկ նորից սկսել ենք քննարկել կուսակցության կառավարման խորհրդի մակարդակում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել: Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք, Խաժակյանն իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի: Բայց միևնույն ժամանակ իրավիճակներ կան, որ Խաժակյանի ազդեցությունից դուրս են, սակայն Խաժակյանը որպես խմբակցության ղեկավար դրա համար պատասխանատվություն է կրում, որը տարածվում է ԼՀԿ-ի վրա։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրում են կոնկրետ ոչ մեր անդամների գործունեության համար»,- ասաց Մարուքյանն ու հավելեց՝ քաղաքացիների ձայնը ևս հասնում է իրենց, և իրենք դրանցից բխող քայլեր են քննարկում:  

Նա նշեց՝ իրենց համար արդեն լուրջ խնդիր է այդ իրավիճակներն անդադար մեկնաբանել, պարզաբանելը: «Մենք մտածում ենք՝ միգուցե չմասնակցենք, որ որևէ կերպ չդառնանք թիրախ»,- նշեց Մարուքյանն ու դժգոհեց նաև մեդիայում ավագանու աշխատանքի լուսաբանումից:

Մանե Թանդիլյանը շեշտեց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի իր օրակարգը, գաղափարախոսությունը՝ ինչպես ԱԺ-ում, այնպես էլ ավագանիում: «Հետևաբար, երբ կառավարման խորհուրդը և կուսակցությունը գնահատում է, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանով է այս պարագայում մեր մասնակցությունը նպատակահարմար կամ ինչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել: Մենք պետք է կարողանանք կրել պատասխանատվություն մի բանի համար, որի հետ ամբողջությամբ համաձայն է կուսակցությունը: Հետևաբար, այդ առումով մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որն, ըստ էության, կուսակցության տեսլականում, օրակարգում ներառված չէ: Եվ կուսակցությունն, ըստ էության, ազդեցություն չունի այդ վարքագծի համար»,-ասաց Թանդիլյանը:

Այդ հարցը քննարկման առարկա կդառնա կուսակցության կառավարման խորհրդում: Անդամները վստահեցրին՝  այս պահին ինտենսիվ քննարկումների փուլում են, Խաժակյանը դեռ շարունակում է համարվել ավագանու անդամ:

Մարուքյանը դեկտեմբերի 17-ին հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին ետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]