Արտաքին քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ

3 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրատիսլավայում դեկտեմբերի 5-ին ընթացող ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չիոքոային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու պատմական ամուր կապերի վրա հիմնված հայ-մոլդովական հարաբերությունների առավել ամրապնդման և երկկողմ օրակարգի հետագա հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Երկուստեք բարձր է գնահատվել մոլդովահայ համայնքի դերը Մոլոդվայի հասարակական-քաղաքական կյանքում և ունեցած ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Համագործակցության ավանդական ուղղությունների ակտիվացմանը զուգահեռ նախարարներն ընդգծել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի ներդրման կարևորությունը:Որպես երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլեր՝ կողմերը նշել են միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:

Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները արժևորել են բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առկա մակարդակը: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնություններին և մտքեր են փոխանակել ապագայի տեսլականի շուրջ:

Մոլդովայի և Հայաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել էԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում