Սեւանա լճում բաց թողնվեց Սեւանի իշխանի Ամառային եւ Գեղարքունի ենթատեսակների 60 հազար մանրաձուկ
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարճաղբյուր եւ Մաքենիս գետերից Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի Ամառային եւ Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝բացթողնման աշխատանքները վերահսկում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Մանրաձկան բացթողումն իրականացվել է «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ծրագրով, Սեւանի իշխանի մանրաձկան գործարանում աճեցված պաշարների հաշվին: Ինչպես հավաստեց Սեւանի իշխանի մանրաձկան գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի Ամառային ենթատեսակի 24-25 գրամ միջին քաշով 10 հազար, Գեղարքունի ենթատեսակի 40-50 գրամ միջին քաշով 10 հազար եւ 3-5 գրամ միջին քաշով 40 հազար հատ մանրաձուկ:
«Տեղափոխելուց ընդհանրապես անկում չգրանցվեց: Բավականին առողջ, կենսունակ մանրաձուկ էր: Հույս հայտնենք, որ Սեւանի էնդեմիկ ձկնային պաշարները կհամալրվեն: Մնում է, որ կարողանանք կազմակերպել պահպանությունը լճում, եւ 2-3 տարի հետո կունենանք հետվերադարձ: Ձուկը գետով բարձրանում է, եւ բնական վերարտադրություն է տեղի ունենում: Արդյունքներն ավելի տեսանելի կլինեն, եթե հաջողվի Սեւանա լճում կանոնակարգել արդյունագործական ձկնորսությունը»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:
«Եղել է ընդհանուր ժողով, որի ժամանակ որոշվել են բացթողնման քանակը, չափսերը եւ վայրը: Մինչեւ 2015 թվականը Սեւանա լիճ բաց թողնվող իշխանի մանրաձուկը գնվում էր հիմնականում Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնեսություններից` պետական բյուջեի միջոցներով: Արդեն 4 տարի մանրաձուկն ամբողջությամբ իր միջոցների հաշվին բաց է թողնում «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը»: Մեր արտադրածը շատ ավելի կենսունակ մանրաձուկ է, քանի որ այն արտադրվում է տեղում , եւ՛ ջերմաստիճանային տարբերություններ չկան, եւ՛ կենսաբանական ծագմամբ այն մաքուր է, խառնածին չէ: Եկող տարվա համար եւս մեր հիմնադրամը սահմանելու է իշխանի մանրաձկան ենթատեսակների արտադրության եւ Սեւանա լիճ բաց թողնելու չափաքանակները: Բնական վերարտադրության միջոցով լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրումը եւս կարեւորում ենք, սակայն դրան խանգարում են չթույլատրվող որսագործիքներով ապօրինի ձկնորսությունը եւ ձկների համար ձվադրավայր հանդիսացող գետերի աղտոտվածությունը»,-նշեց Տիգրան Վարդանյանը:
«Սևանի իշխան» ՓԲԸ-ին պատկանող մանրաձկան գործարանում լճի էնդեմիկ եւ վերացող ձկնատեսակների պահպանման նպատակով սեփական նախաձեռնությամբ հավաքագրվել է Սեւանի կողակի որոշ խմբաքանակ: 2020 թվականի գարնանը մեկնարկելու են նաեւ այս ձկնատեսակի փորձնական վերարտադրության աշխատանքները:
Խոսրով Խլղաթյան